Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրվելիք «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» պարունակում է մի դրույթ, որով նաև նախատեսված է ժամանակի ընթացքում շահագործումից հանել Հայկական ատոմային էլեկտրակայանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը, անդրադառնալով ատոմակայանը փակելուն՝ նկատեց, որ ատոմակայանի փակումը միանշանակ բացասական ազդեցություն կունենա, եթե նորը չկառուցվի կամ մեկ այլ բանով տեղը չլրացվի:
Քաղաքագետը կարևորեց հետևյալ հարցերը՝ արդյո՞ք ատոմակայնը փակելու պարագայում համարժեք ատոմակայն կառուցվելու է, թե ոչ, եթե կառուցվելու է ապա ո՞վ է ֆինանսավորելու, ի՞նչ տեխնոլոգիաների հիման վրա է լինելու, քանի որ, ըստ նրա՝ նորը չկառուցելու դեպքում՝ կախումը Ռուսաստանից է՛լ ավելի է ուժեղանալու:
«Ատոմակայանը մեծ գիտահետազոտական կենտրոն է, եթե այն փակվի և չբացվի համարժեքը, ամեն ինչով վնաս կբերի Հայաստանին: Նախ, ինչպես գիտենք, ատոմակայանում արտադրվող էլեկտրաէներգիան բավականաչափ էժան է: Կկորցնենք նաև մարդկային ռեսուրս, որովհետև նրանք, ովքեր աշխատում են այնտեղ, հեռանալու են երկրից: Սա նշանակում է, որ դա կնպաստի նաև արտագաղթին:
Եթե, օրինակ, արևային էներգետիայով փոխարինվի, այստեղ էլ մեկ այլ հարց է առաջանում՝ արդյո՞ք ամբողջ տարին կկարողանանք երկիրն ապահովել անհրաժեշտ էլեկտրաէներգիայով»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ պետք է չմոռանալ և հաշվի առնել նաև այն փաստը, որ ատոմակայանը նաև եկամուտ բերող ձեռնարկություն է, իսկ արդյո՞ք նոր կառուցված ատոմակայանը կարող է բերել այդքան եկամուտ:
Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված, որ Եվրամիությունը այդպիսի կետ է մտցրել համաձայնագրի մեջ, Բադալյանը պատասխանեց.
«Որովհետև Հայաստանի ատոմակայանը շատ վաղուց է կառուցված. թեև անընդհատ թարմացվում է, բայց եվրոպացիները գտնում են, որ դա անվտանգության հետ կապված խնդիրներ է առաջացնում:
Այստեղ հետաքրքիր է ՝ եթե ատոմակայանը փակվի՝ Եվրամիությունը կհամաձայնի՞ դրամաշնորհի կամ վարկի միջոցով նոր ատոմակայան կառուցել: Եթե համաձայնի, բնականաբար, իր տեխնոլոգիաները պետք է կիրառի, սակայն պետք է հասկանալ՝ արդյո՞ք սա սեփական բիզնես-շահերն առաջ տանելու քաղաքականություն չի հետապնդում»,- նշեց Բադալյանը՝ ավելացնելով, որ միանշանակ է՝ Հայաստանը զուտ իր բյուջեով՝ ատոմակայն չի կարող կառուցել, քանի որ այն մեծ գումարներ պահանջող պրոյեկտ է:
Սոնա Հարությունյան