Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց խորհրդարանի միջանցքում պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպը քննելու և դրա վերաբերյալ խորհրդարանին եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը: Հարցի քննարկումը հետաձգելու առաջարկով հանդես եկավ հիմնական զեկուցող, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: «Օգտվելով Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով ընձեռված հնարավորությունից` ես հետաձգում եմ հարցի քննարկումը: Մենք պետք է խմբակցությունում քննարկենք ներկայացված առաջարկները և ներկայացնենք լրամշակված նախագիծը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Զեյնալյանը:
Մինչ այդ, ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը Զեյնալյանը նշեց, որ առաջարկվում է ստեղծել հանձնաժողով, որը միջադեպի վերաբերյալ եզրակացություն կներկայացնի Ազգային ժողովին: «Առաջարկում ենք հանձնաժողովի գործունեության ժամկետ սահմանել երկու ամիս` անհրաժեշտության դեպքում մեկ ամսով երկարաձգելու պայմանով: Առաջարկում ենք հանձնաժողովների անդամների թիվը սահմանել 10 հոգի պատգամավորների թվի համամասնությամբ: Սահմանված են հանձնաժողովի լիազորություններն ու իրավունքները, որոնք են հարցմամբ դիմել պաշտոնատար անձանց, ստանալ անհրաժեշտ նյութեր, պատվիրել փորձաքննություններ և ստանալ դրանց արդյունքները: Հանձնաժողովի գործունեությունը դադարում է եզրակացության ներկայացմամբ»,- մանրամասնեց Զեյնալյանը:
Նա հավելեց, որ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու նպատակն է միջադեպի ընթացքում պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների հնարավոր խախտման վերաբերյալ եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովին: «Օրենսդիր մարմնի ներկայացուցչի կողմից նման վարքագիծ դրսևորելն անընդունելի է: Պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները»,- ընդգծեց Զեյնալյանը:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ներկայացնելով իր տեսակետը, միջադեպը քննելու և եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի վերաբերյալ, ընդգծեց, որ նման հանձնաժողովի ձևավորումը նպատակահարմար չի համարում, քանի որ իրականում շատ դժվար կլինի ապացուցել, թե Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա, ինչպես վերջինս պնդում է: «Միջադեպի մասնակից մի կողմը պնդում է, որ մյուս կողմը բռունցքներով հարձակվել է իր վրա, իսկ մյուս կողմը պնդում է, որ ինքը բռնցքամարտով է զբաղվել և զլացել է իր հմտությունները կիրառել: Այսինքն, պարոն Գեղամյանը հերքում է, որ բռունցքներով հարձակվել է պարոն Փաշինյանի վրա: Մենք միջադեպի տեսագրություն էլ չունենք, որ կարողանանք հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել և շատ բարդ կլինի ինչ-որ բան ապացուցել ու եզրակացություն ներկայացնել: Հետևաբար, կարծում եմ, որ այս պայմաններում ինչ դիրքորոշում էլ արտահայտենք, ինչ-որ տեղ սուբյեկտիվ է ընկալվելու: Ես կարծում եմ, որ հասարակությունն արդեն տվել է այս ամենի գնահատականը: Ես` որպես պատգամավոր, դեմ եմ նման երևույթներին: Այդպիսի երևույթները պետք է արմատախիլ արվեն: Ազգային ժողովը ոչ մեկի տղամարդկությունը փորձելու վայր չի: Դրա համար շատ վայրեր կան: Ես մնում եմ այն կարծիքին, որ ինչ որոշում էլ հիմա մենք ընդունենք, մյուս կողմը մեզ մեղադրելու է սուբյեկտիվության մեջ»,- եզրափակեց պատգամավորը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ հանձնաժողովը հենց ստեղծվում է նրա համար, որպեսզի քննարկի` կա՞ն ապացույցներ արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, թե չկան: «Մենք կոնկրետ պնդում ենք անում, որը պետք է քննարկվի: Մենք պետք է հասկանանք, թե ոնց ենք միասին աշխատելու: Սա մեր պնդումն է, եթե կա հակառակ պնդումը, հակառակ նախագիծը, ներկայացրեք այդ նախագիծը: Սա է այն նախագիծը, որը մենք ներկայացրել ենք: Ուզում եք կողմ քվեարկել այս նախագծին, կողմ քվեարկեք, չեք ուզում` մի քվեարկեք»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ներկայացրեց իր առաջարկները: Նա նշեց, որ միջադեպը կարելի է քննել և դրա վերաբերյալ եզրակացություն տալ մեկ ամսվա ընթացքում` նշելով, որ ի սկզբանե հանձնաժողովի գործունեության համար 2 ամիս ժամկետ սահմանելու դեպքում խնդրի քննարկումը կարող է ձգձգվել: «Ես ինքս շահագրգռված եմ, որպեսզի հարցի ուսումնասիրությունը կատարվի արագ և ներկայացվի համապատասխան եզրակացությունը: Նախագծի հեղինակը կարող է հիմա հայտարարել, ընդունելի են իմ առաջարկները, թե ոչ, կարող է նաև մինչև երկու շաբաթով հետաձգել հարցի քննարկումը, որպեսզի բերվի լրամշակված տեքստը, և մենք կարողանանք դրան անդրադարձ կատարել»,- նշեց Թովմասյանը:
Թովմասյանի ելույթից հետո Արտակ Զեյնալյանը հայտարարեց հարցի քննարկումը հետաձգելու մասին, որպեսզի քննարկեն և ներկայացնեն նախագծի լրամշակված տարբերակը: