Գերմանիայում լույս է տեսել նոբելյան մրցանակակիր թուրք աշխարհահռչակ վիպասան Օրհան Փամուքի «Կարմիր մազերով կինը» վեպի գերմաներեն թարգմանությունը:
Ըստ «Deutsche Welle» (DW) լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ գրքի շնորհանդեսին մասնակցելու նպատակով Փամուքը մեկնել է Բեռլին: Մամուլի ասուլիսի ժամանակ նա խոսել է ոչ միայն իր գրքի, այլև Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների մասին: Փամուքը համոզված է, որ Թուրքիայի ապագան միայն այն դեպքում լավը կլինի, եթե մշակութապես ավելի մերձենա Եվրոպային: Բայց այժմ Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում է բռնապետական երկիր: Եվ հենց այս խնդիրն է հիմնականում, որ արծարծվել է վերոնշյալ գրքում:
«Կարմիր մազերով կինը» վեպը մի սիրո պատմության մասին է, որը տեղի է ունեցել Ստամբուլից ոչ հեռու գտնվող մի քաղաքում 80-ականներին: Գլխավոր հերոսներն են վարպետ Մեհմեթը և իր կրտսեր օգնական, ուսանող Ջեմը: Նրանք աշխատում են մի ջրհորում, որտեղից շատ դժվարությամբ հավաքում են խմելու ջուր:
Երիտասարդ հերոսը մի կողմից ծանոթանում է այնպիսի մարդկային հատկանիշների հետ, ինչպիսիք են սերը, պատասխանատվությունը և ազատությունը: Մյուս կողմից վեպում ներկայացված են հայր-որդի փոխահարաբերությունները՝ խոսքի, մտքի ազատության համատեքստում: Գրքում նշվում է, որ «Ստամբուլը Եվրոպային մոտ գտնվող ջրհորում է ընկած, որտեղ ջուր չկա»: