Երեւանի մի քանի բուհերի ուսանողներ հավաքվել են Կրթության եւ գիտության նախարարության դիմաց եւ պահանջում են հանդիպում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Երեւանի պետական համալսարանի ուսանող Դավիթ Պետրոսյանը տեղեկացրեց, որ նախարարի հետ ցանկանում են խոսել Ազգային ժողովի մեծ նստաշրջանի օրակարգում ներառված զինծառայության տարկետումը հանելու վերաբերյալ օրինագիծի մասին, ինչին ուսանողները դեմ են:
«Այստեղ հիմնականում ԵՊՀ-ի եւ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն են, սակայն մեզ հետ մտահոգությունները կիսում են նաեւ Հայ-ամերիկյան եւ Սլավոնական համալսարանների ուսանողներից մի քանիսը: Մենք դեմ ենք ամբողջությամբ ակադեմիական տարկետման այդ ինստիտուտը վերացնելուն: Կարծում ենք՝ այն փաստարկները, որոնք բերվել են օրինագիծը հիմնավորելու համար, ծանրակշիռ չեն ամբողջությամբ այդ ինստիտուտը վերացնելու համար: Երեք շաբաթ է, ինչ նախաձեռնել են այս ամենը, ընդհանուր խմբում 2600 ուսանող է ընդգրկված, հոկտեմբերի 16-ին բաց նամակ ենք ուղարկել նախարարություն, որը ստորագրել է ավելի քան հարյուր ուսանող, սակայն պատասխան չենք ստացել: Առաջին հավաքը եղել է ԵՊՀ շենքի դիմաց, իսկ այժմ՝ ԵՊՀ-ից երթով եկել ենք այստեղ»,-ասաց ԵՊՀ ուսանողը՝ հավելելով, որ նրանց հետ արդեն հանդիպել է Կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:
ԿԳՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Բաղդասարյանի մեզ հետ զրույցում նշեց, որ Ռոբերտ Սուքիասյանը ուսանողներին առաջարկել է հաջորդ շաբաթվա սկզբին հանդիպում կազմակերպել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ, սակայն ուսանողները դեռեւս չեն համաձայնել:
«Նրանք ցանկանում են այսօր՝ հենց հիմա, սակայն նախարարի աշխատանքային օրակարգը խիստ ծանրաբեռնված է այս պահին, եւ հանդիպում կազմակերպել հնարավոր չէ»,-եզրափակեց ԿԳՆ ներկայացուցիչը:
Թե արդյո՞ք 2018 թվականից զինծառայությունից տարկետումը հանելու վերաբերյալ օրինագիծը հաջորդ շաբաթ քննարկման կդրվի Ազգային ժողովում, պարզ կդառնա հոկտեմբերի 23-ին՝ առաջիկա նիստի օրակարգի հաստատումից հետո: