Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց քայլեր ձեռնարկել նվազեցնելու Երևանում աշխատանքային օրերին առաջացող խցանումների դեպքերը: Այս հանձնարարականին կայծակի արագությամբ արձագանքեց Փոխադրողների միության նախագահը, պնդելով, որ իրավիճակը փոփոխելու միակ հնարավոր ուղղին տրանսպորտի հոսքի կարգավորումն է, իսկ այդ նպատակով իհարկե անհրաժեշտ է բաձրացնել ուղեվարձը. Դժվար չէ ենթադրել, որ նման լուծում շուտով կառաջարկեն նաև գծատերերը: Հիշում ենք նաև ուղևորափոխադրող կազմակերպությունների շանտաժատիպ հայտարարությունները, որոնք հնչում էին մինչև Նոր տարին, ու աբսուրդային սուտը, որ իրենք վնասով են աշխատում, ու եթե այսպես շարունակվի, ապա ստիպված կլինեն դադարել աշխատելը: Այստեղից երկու եզրակացություն՝ թանկացումից հետո էլ տրանսպորտի վիճակը չի լավանալու, խցանումներն էլ կախարդական փայտիկի մեկ հարվածով չեն վերանալու:

 

Հիմա էլ շրջանառում են 200 դրամի տարբերակը, որ հանրությունը 150 դրամից մի բան էլ գոհ մնա: Կառավարությունը պարզապես նոր մահանա է գտել, որով կկարողանա ըստ իրեն օբյեկտիվ կերպով հիմնավորել թանկացումները, ենթադրելով, որ խցանումներից հոգնած երևանցիները համաձայն կլինեն դրանցից ազատվելու համար բացել քսակները: Այս ամենից մի ելք կա՝ երկրի նախագահը պետք է ուղեվարձի թանկացման համար «կյանք տվողներին» և քաղաքապետարանի որոշակի աշխատակիցների ստիպի օգտվել հանրային կանգառներից եւ հանրային տրանսպորտից: Սա կփոխի իրավիճակը նույնիսկ այդ պաշտոնյաների լիքը գրպանների դեպքում. նրանք շատ արագ կհասկանան, որ տրանսպորտի ներկայիս խայտառակ վիճակի պատճառը ոչ թե 100 դրամ ուղեվարձն է, այլ՝ հենց իրենք: Եվ փոխել է պետք ոչ թե սակագինը, այլ՝ իրենց:

 

Ստելլա Խաչատրյան