Գայի պողոտայում իրականացվել է ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություն, և հունիսի 11-ից պողոտայի առաջին երթևեկելի գոտում գործում է հասարակական տրանսպորտի համար նախատեսված, գծանշումներով առանձնացված երթևեկելի գիծ:

Երևանի ավագանու որոշման արդյունքում Գայի պողոտայում հասարակական տրանսպորտը կունենա առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, և օրվա պիկ ժամերին կերթևեկի առանց խցանումների: Հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերում կբացառվի նաև վազանցը, կբարձրանա պողոտան սպասարկող 26 երթուղիների միջին արագությունը, ինչն էլ կնպաստի տրանսպորտի հաճախականության գրաֆիկի պահպանմանը: Հասարակական տրանսպորտի համար առանձնացված գիծը կտեսանկարահանվի, և խախտումների դեպքում վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Ավագանու նիստի ընթացքում որոշմանն անդրադառնալիս Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ սա փորձնական ծրագիր է, և որ պետք է ուսումնասիրել նաև տրանսպորտի համար նախատեսված գծանշումների մասով Թբիլիսիի փորձը:

«Իրենք վստահաբար խնդիրներ ունեցել են, հիմա էլ ունեն, թրաֆիկը ահավոր է հիմա այնտեղ հենց նույն գծանշումների պատճառով: Պետք է հասկանալ՝ ո՛րն է պատճառը»,- ասաց Տիգրան Ավինյանը: