«Առավոտ» թերթը այսօր գրել է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում Անդրանիկի փողոցում ակտիվ շինարարություն է ընթանում.Կառուցապատողը Լիան Ալեքսանյանն է, որին պատկանող ընկերությանը՝ «Ա քույրեր» ՍՊԸ-ին, անցյալ տարի Երեւանի քաղաքապետարանը նույն համայնքի այլ փողոցում հողամաս է տրամադրել՝ աճուրդով: Այս ընկերության հիմնադիրներն են՝ Լիան Ալեքսանյան Լիմինդրի, Սվետիկ Ալեքսանյան Լիմինդրի, Սոֆյա Ալեքսանյան Լիմինդրի եւ Արփենիկ Ալեքսանյան Լիմինդրի, Վարսենիկ Սիմոնյան Տելեմակի: Եվ իհարկե շինարարությունը դժվար թե հարուցեր բնակիչների զայրույթն ու վրդովմունքը, եթե այն չիրականացվեր առանց այդ էլ նվազող կանաչ գոտու հաշվին: Բանն այն է, որ Սամվել Ալեքսանյանի քույրը ըստ տեղի բնակիչների շինարարության իրականացման ընթացքում նաև հաստաբուն ծառեր է կտրել տվել. «Ոնց կտրեցին էդ ծառերը՝ չտեսանք, առավոտ զարթնեցինք, տեսանք՝ արդեն շինարարություն են անում: Շատ խոշոր, հաստաբուն ծառեր չէին, բայց դրանք վաղուց էին տնկված, ու առանց այն էլ մեր տարածքում կանաչը քիչ է»,- լրագրողներին ասել են բնակիչները:
Այն որ կանաչ տարածքները Երևանին օդի ու ջրի պես են անհրաժեշտ գիտեն բոլորը՝ Ալեքսանյանի ընտանիքից մինչև քաղաքապետարանի պատկան մարմիններ: Ծառահատումները, բնությանը տրված վնասը որևէ արդարացում ունենալ չի կարող, սակայն համաձայնեք` եթե այս ծառերը կտրեր մի խեղճ ու կրակ քաղաքացի, պատկան մարմինները արդեն տաք հետքերով նրան գտել էին, գուցե նախագահի մակադակով մեկ անգամ ևս հայտարարության ականատես լինեինք: Բայց արի ու տես, երբ այդ նույն հանցանքը կատարվում է օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, բայց օլիգարխի ընտանիքի անդամի կողմից՝ դա նորմալ է, դա թույլատրելի է: Մարդը իր սեփականությունը հանդիսացող տարածքում իր օբյեկտն է կառուցում: Եվ ոչինչ որ Հռոմից էլ հին մեր մայրաքաղաքը արդեն իսկ անապատի է վերածվել, կարևորը քրեաօլիգարխիկ իշխանության ֆինանսական հենարանը հանդիսացող գործարարները և նրանց ընտանիքի անդամների բիզնեսը չտուժի: