Միջազգային կենդանապաշտպան կազմակերպությունն անդրադաձել է ՀՀ-ում գորշ արջերին անազատ կամ կիսազատ պայմաններում պահելու դեպքերին: Ինչպես հայտնի է,  «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը թերի է և ամբողջությամբ չի կանոնակարգում կենդանիների համար համապատասխան բարվոք պայմաններում պահելու պայմանները: 
 
International Animal Rescue կազմակերպությունը գրում է. «Մենք ահազանգ ենք ստացել Հայաստանում տիրող շոկային իրավիճակի մասին: Մենք փորձում ենք որքան հնարավոր է արագ բացահայտել և վերջ տալ այս բարբարոսությանը: Այս արջերը շտապ փրկության կարիք ունեն և մենք քայլ ենք կատարում նրանց փրկելու ուղղությամբ: Նեղ, կեղտոտ վանդակներում, մոռացված և սոված վիճակում պահվող արջերն ունեն փրկության կարիք քանի դեռ ուշ չէ: Նրանցից շատերը փորձում են թեթևացնել իրենց տանջանքներն ու ձանձրույթը՝ գլուխները հարվածելով պատերին կամ բարձրանալով վանդակների վրա՝ հուսահատորեն ելքի ուղի փնտրելով»:
 
International Animal Rescue-ն գրում է նաև, որ ծրագրվում է կառուցել ապաստարան և փրկել որքան հնարավոր է շատ արջերի: Մեծ Բրիտանական այս կազմակերպության առաքելությունը տանջվող կենդանիներին փրկելն է ամբողջ աշխարհով մեկ: 
 
International Animal Rescue-ն զբաղվում է ինչպես Հնդկաստանում արջերի փրկությամբ, այնպես էլ Ինդոնեզիայում կապիկների, այլ տարբեր երկրներում թափառող կենդանիների փրկության խնդիրներով: Կազմակերպության հիմնական նպատակը կենդանիներին իրենց բնական միջավայր վերադարձնելն է, սակայն այն դեպքերում, երբ դա անհնար է, կենդանիների համար ստեղծվում են համապատասխան ապաստարաններ:
 
Նյութի աղբյուրը` Econews.am