Վարչապետ Կարեն Կարապետյանին, կարծես, հաջողվել է ստանալ Ռուսաստանի Դաշնության աջակցությունը 2018 թվականին սպասվելիք ներքաղաքական զարգացումներից առաջ: Համենայն դեպս, սրա մասին են վկայում երեկ Կարապետյան-Մեդվեդև հանդիպման արդյունքները: Կարապետյանը ՌԴ վարչապետի ընդունելությունը բավական շքեղ էր կազմակերպել: Սա վկայում է այն մասին, որ Կարապետյանի համար այս հանդիպումը մեծ նշանակություն է ունեցել: Մեդվեդևի գլխավոր աչքալուսանքը Կարապետյանին՝ կապված էր Հայաստանին մատակարարվող գազի սակագնի հետ. Հայաստանի համար գազի հատուկ սակագինը կպահպանվի նաև 2018–ը։ «Մենք նման համաձայնության ենք հասել՝ չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին։ Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը»,– ասել է Մեդվեդևը։ Մեդվեդևը իր խոսքով հասկացնել է տալիս, որ գազի գինը չի բարձրանում, քանի որ նման պայմանավորվածության են եկել Կարեն Կարապետյանի հետ: Ընդհանրապես, գազը Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ մեծ տեղ ունի: Ռուսաստանի կողմից մատակարարված գազի գնի բարձրացումը կամ իջեցումը խոսում է այդ երկրի վերաբերմունքի մասին: Այլ կերպ ասած՝ ՌԴ համար գազը արտաքին քաղաքական գործիք է: Օրինակ, Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ, գազի գնի հետ կապված խնդիրը ՌԴ իշխանությունները քննարկում էին Սերժ Սարգսյանի հետ ու ցույց էին տալիս, որ Հայաստանում իրենց աջակցությունը վայելում է հենց գործող նախագահը:
 
Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելուց հետո սպասվում է, որ ՌԴ մասնակցությունը ՀՀ տնտեսության մեջ պետք է ուժեղանա։ Օրինակ, «Գազպրոմ» ընկերությունը մինչեւ վերջերս Հայաստանի հետ վարում էր կոշտ գնային քաղաքականություն։ Նույնիսկ պահեր եղան, երբ Ռուսաստանը եվրոպական երկրներին գազը ավելի թանկ էր վաճառում, քան Հայաստանին։ Կարապետյանին վարչապետ նշանակելուց հետո «Գազպրոմի» քաղաքականությունը կտրուկ փոխվեց եւ նույնիսկ այդ ընկերությունը համաձայնեց իր վրա վերցնել Հայաստանում գազի սակագնի նվազեցման արդյունքում սպասվող ֆինանսական վնասները։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը ամեն տեսակի աջակցություն է ցուցաբերելու Կարեն Կարապետյանին եւ ուժեղացնելու են նրա դիրքերը ՀՀ իշխանության վերնախավում։ Հիմա խոսքն այն մասին է, թե ինչպես է դա արտահայտվելու։ Վերջին շրջանում ռուսական մամուլում համառ լուրեր են շրջում այն մասին, որ ՌԴ իշխանությունները քաղաքական որոշում են ընդունել առաջիկայում 300 միլիոն դոլարի ներդրում «ուղարկել» Հայաստան։ Դա պետք է լինի օտարերկրյա մասնավոր ներդրումներ ՀՀ տնտեսության մեջ։ Ինչ խողովակներով կգան այդ գումարները, ում սեփականությունը կլինեն, դա այնքան էլ էական չէ։ Էականն այն է, թե որտեղ են դրանք ներդրվելու։ Այնպես չէ, որ այդ գումարը պետք է ուղղակի «լցվի» Հայաստան։ Այդ ներդրումները պետք է իրականացվեն կոնկրետ ընկերություններում, կոնկրետ բիզնեսների մեջ եւ շահութաբեր լինեն։ Այդ գործընթացի կուրատոր էլ նշանակվել է հենց Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանի մի քանի հրապարակային ուղերձներ պարզորոշ բացահայտում են, որ 2018-ի իշխանության ձևավորման գործընթացում Հայաստանի վարչապետը հիմնականում ապավինում է հենց Մեդվեդևի աջակցությանը: Հիշեցնենք, որ օգոստոսին՝ Խոսրովի անտառի հրդեհաշիջման դրամատիկ օրերին, Կարեն Կարապետյանը բացակայում էր Հայաստանից՝ ծննդյան օրը Մոսկվայում նշելու, ապա Արցախում հանգստանալու առիթով, սակայն դեռ հրդեհը չմարած՝ ֆեյսբուքյան գրառմամբ հատուկ շնորհակալություն հայտնեց Մեդվեդևին Հայաստանին ցուցաբերված ռուսական աջակցության համար: Կասկածից վեր է, որ Կարապետյանի այդ գրառման միակ իմաստը հենց այն էր, որ շնորհակալություն հայտնվի Դմիտրի Մեդվեդևին:
 
Կասկածից վեր է նաև այն, որ Ռուսաստանն իր գործուղած մարդուն՝ Կարեն Կարապետյանին, չի զոհաբերի, որովհետև Կարեն Կարապետյանը, այնուամենայնիվ, ներկայացվել է հանրությանը՝ որպես ռուսական քաղաքականության և Հանրապետական կուսակցության իմիջը բարելավող գործոն, ուստի՝ ո՛չ Ռուսաստանը կգնա Կարեն Կարապետյանի փոփոխությանը, ո՛չ էլ կների նրանց, ովքեր դեմ դուրս կգան այդ քաղաքականությանը, որովհետև այդ քաղաքականությանը դեմ դուրս եկողները երկու ճանապարհ ունեն՝ կա՛մ պիտի ներկայանան այլընտրանքային օրակարգով, և դա, ինչպես ռուսներն են որակում, «հակառուսական» օրակարգն է, կա՛մ պիտի շրջանցեն արտաքին քաղաքականության հարցերը և դնեն «Կրեմլի մարդուց» ազատվելու խնդիրը: Երկուսն էլ նրանք չեն անի, լավագույն դեպքում կփորձեն ապացուցել, որ իրենք ավելի «լավ տղա» են, քան Կարեն Կարապետյանը, բայց ոչ ավելին:
 
Կարապետյանը Հայաստան է գործուղվել հենց Սերժ Սարգսյանից իշխանությունը «ժառանգելու» նպատակով: Ուշադրություն դարձնենք՝ թե՛ Իրանից Վրաստան գազի տարանցմանը, թե՛ գազի սակագնի իջեցմանը, թե՛ 200 մլն. դոլարի սահմաններում գնված զինտեխնիկայի Հայաստան առաքմանը ռուսական կողմը տարօրինակ զուգադիպությամբ համաձայնեց հենց Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնելուց հետո: Մինչ այդ, նույն տարօրինակությամբ, Մոսկվան բացահայտ անհանդուրժողականություն էր դրսևորում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդեպ և արհեստականորեն տորպեդահարում նրա բոլոր նախաձեռնություններն ու առաջարկները:
 
 
Ստելլա Խաչատրյան