Օրեր առաջ կայացած՝ ՀՀ և Արդրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից ուշագրավ մանրամասներ էր ներկայացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, որոնք տեղ չէին գտել ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ, իսկ հայկական կողմի պնդմամբ՝ չեն համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես, Մամեդյարովը Բաքվում նշել էր, որ Ղարաբաղյան համակարտության լուծումը պետք է լինի փուլային: Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Վաշինգտոնում համանախագահները պաշտոնապես կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ, որում գրված է, որ առաջին հերթին՝ հայկական զորքերը «պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից»: «Միջնորդներն առաջարկել են զորքերի դուրսբերում և խաղաղապահների տեղակայում»,- ասել է Մամեդյարովը: Իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, ի պատասխան այս պնդումների՝ երեկ հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեզրկում է խաղաղ գործընթացի լրջությունը:
Հայկական կողմի արձագանքը հասկանալի էր, իսկ ի՞նչ էր սպասում և ի՞նչ ծրագրեր ուներ Բաքուն, երբ արտգործնախարարի մակարդակով բացահայտում էր փակ-գաղտնի տեղեկատվությունը: Իրականում, Բաքուն ցանկանում էր հարցը բերելով հրապարակային դաշտ՝ հասնել Երևանի հրապարակային մերժմանը: Նման պարագայում Ադրբեջանի ձեռքերը կազատվեին և լեգիտիմ առիթ կստեղծվեր նոր եռօրյա կամ քառօրյա պատերազմ հրահրելու համար: Մյուս կողմից էլ՝ ՌԴ-ն Արևմուտքին ևս մեկ անգամ ցույց կտար, որ առանց իր միջամտության տարածաշրջանում հարցեր չեն լուծվում, իսկ բանակցությունների վաշինգտոնյան փուլն իրեն սպառել է: Լայնածավալ ռազմական գործողությունների Բաքուն իհարկե չէր դիմի, քանի որ դա չի մտնում ՌԴ և ԱՄՆ պլանների մեջ: Նրանց պետք է կայծ, փոքր բախում, որի արդյունքում Արցախում խաղաղապահներ տեղակայելու հարցը կրկին կդառնա օրակարգային: Իհարկե, այստեղ արդեն կողմերն ունեն իրենց նախապատվությունները, ռուսական կողմը պնդելու է ՀԱՊԿ, իսկ ԱՄՆ-ն ու Բոլթոնը, ով այդքան գոհ էր մնացել Մնացականյանի և Մամեդյարովի հետ հանդիպումից՝ պնդելու են ՆԱՏՕ-ի վրա:
Այստեղ է, որ լուրջ առևտուր է ծավալվելու երկու գերտերությունների միջև: Իրականում, Բաքվի և նույնիսկ մեր համար էական չէ, թե ի վերջո որ երկրի խաղաղապահները կտեղակայվեն հակամարտության գոտում, շատ ավելի կարևոր է այն նպատակը, որով վերջիններս տեղակայվում են: Իսկ նպատակը մեկն է՝ հող հանձնելը: Այն, որ խաղաղապահներ տեղակայելու առաջարկը եղել է և նույնիսկ չի մերժվել՝ կարելի է ենթադրել այն հանգամանքից, որ ըստ էության՝ մերժվել է Երևանի՝ Վիեննայի օրակարգին վերադառնալու առաջարկը: Բաքվի հակադարձումը եղել է թերևս այն, թե մեր ինչի՞ն են պետք մշտադիտարկման մեխանիզմները, եթե միանգամից հնարավոր է լուծել հարցը: Այս պարագայում հետաքրքիր է, իսկ ո՞րն է մեր դիրքորոշումը, մենք խաղո՞ւմ ենք այս խաղի կանոններով, մենք առևտրի մե՞ջ ենք մտնում, թե՞ մենք պարզապես ժամանակ ենք ձգում: Այս ֆոնին ուշագրավ է նաև Փաշինյանի լռությունը և այն արագությունը, որով ՀՀ նոր իշխանությունները փորձում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կազմում «ռակիրովկաներ» անել…