Ինչո՞ւ է հենց Հայաստանը դարձել Ռուսաստանի չկայացած «եվրազոհը»: Արդյոք պատճառը միայն այն է, որ Հայաստանն ամենափոքրն ու ամենախոցելին է Արեւելյան գործընկերության այն 4 երկրներից, որոնք պետք է նոյեմբերին ստորագրեն ԵՄ հետ ասոցիացիան:
Թերեւս, խնդիրը միայն խոցելիությունը չէ, այլ այն, որ Հայաստանում պարզապես չգտնվեցին եվրոպական ճանապարհի կողմնակիցներ: Ինչ որ մեկը չէր ցանկանում փչացնել հարաբերությունը Ռուսաստանի հետ, ինչ որ մեկը «երկնագույն» Եվրոպան համարեց Հայաստանի համար «անհարիր»: Սակայն, ընդհանուր առմամբ, հանրությունն ու իշխանությունը ցուցաբերեցին նախանձելի համերաշխություն բազմադարյա ճահճից դուրս գալու ցանկության բացակայության հարցում, որտեղ չկա պատասխանատվություն եւ միշտ կարելի է ուտելու բան գտնել:
Այս իմաստով, Հայաստանը պակաս ժողովրդավար չէ, քան Ուկրաինան, որտեղ հանրությունն ու իշխանությունը միավորվեցին եվրոպական ինտեգրացիայի դրոշի տակ: Նույնիսկ ուկրաինական եկեղեցին երկիրը հայտարարեց Եվրոպայի մաս: Նույնն արեցին վրացական եւ մոլդովական հանրությունն ու իշխանությունները, որոնք մի կողմ դրեցին տարաձայնությունները, որպեսզի պարզապես դուրս պրծնեն ճահճից:
Այս պայմաններում ոչ ոք չի կարող մեղադրել Սերժ Սարգսյանին այն բանում, որ նա միանձնյա է ընդունել Մաքսային միության վերաբերյալ որոշումը: Եթե Սարգսյանը թեկուզ ենթադրեր, որ Հայաստանում կգտնվեն Մաքսային միության հակառակորդներ, նա այդքան ինքնավստահ չէր լինի: Սակայն նա ուսումնասիրել էր բոլորին եւ պարզվեց ճիշտ էր՝ նման միասնություն Հայաստանում չէր եղել ոչ մի ճակատագրական այլ հարցում:
Շատերը, այդ թվում Արեւմուտքում, Սերժ Սարգսյանին մեղադրել են ավտոկրատիզմի մեջ: Իրականում նա ամենաժողովրդավար նախագահն է, քանի որ արտահայտում է ողջ հասարակական-քաղաքական դաշտի կարծիքն ու ձգտումները: Մի քանի փորձագետներն ու քաղաքացիական ակտիվիստները հաշիվ չեն՝ նրանց միշտ կարելի է մեղադրել «ծախվածության» մեջ:
Այնպես որ, մենք ապրում ենք աշխարհի ամենաժողովրդավար երկրում՝ Սերժ Սարգսյանի «նախահաշվով եւ գծագրերով» խորհրդարան անցած քաղաքական ուժերն իրենց պահում են ինչպես պետք է՝ համարձակ հարցեր են հնչեցնում, սակայն երբ բանը հասնում է պատասխաններին՝ հիշում են «տաք ու ապահով» ճահճի մասին: Այս ուժերը կարող են դեմ արտահայտվել, միայն եթե հրաժարվեն մանդատներից:
Իսկ դրան քչերն են ընդունակ:
Եւ ժողովրդավար նախագահը, որի հետ բոլորը համաձայն են հիմնական հարցում, լիովին իրավունք ունի «ժողովրդավարական» որոշումներ ընդունել տնտեսության, արդարադատության, ներքին քաղաքականության մեջ: Դե, եթե ազգային միասնություն, ապա ամեն ինչում՝ Մաքսային միությունից մինչեւ տնտեսության քվոտավորում:
Քանի դեռ Հայաստանում ճահճից դուրս գալու եւ արժանապատվությամբ ապրելու ցանկություն չառաջանա: