Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: ՀՀ Նախագահին 60-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջին, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Սերժ Ազատի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր հոբելյանի կապակցությամբ,
Ձեր գործունեությունը Նախագահի պաշտոնում և ավելի վաղ այլ պատասխանատու պետական պաշտոններում Ձեզ արդարացիորեն արժանացրել է հայրենակիցների հարգանքին և միջազգային ասպարեզում բարձր հեղինակության:
Դուք անձնական մեծ ներդրում եք կատարում մեր երկրների միջև դաշնակցային գործընկերության ամրապնդման գործում: Վստահ եմ, որ ռուս-հայկական փոխշահավետ կապերի ամբողջ համալիրի հետագա զարգացմանը կնպաստի եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի առաջիկա լիամասշտաբ միացումը:
Անկեղծորեն թանկ եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնումն ու վստահությունը: Ուրախ կլինեմ Ձեզ հետ շփումը և համատեղ սերտ աշխատանքը շարունակելու՝ ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների:
Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն, նոր հաջողություններ և ամենայն բարիք»:
ՌԴ Նախագահը Նախագահ Սերժ Սարգսյանին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքները փոխանցել է նաև այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
Չինաստանի Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Ես բարձր եմ գնահատում այն մեծ ջանքերը, որ Դուք ներդնում եք հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում՝ ուղղված համակողմանի համագործակցության ակտիվ առաջխաղացմանը: Հայ-չինական հարաբերությունների զարգացմանը մեծ ուշադրություն հատկացնելով՝ ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին մեծ ջանքեր ներդնել երկկողմ քաղաքական փոխգործակցության խորացման, ավանդական բարեկամության ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների»:
Հանրապետության Նախագահին ուղղված շնորհավորանքները շարունակվում են: