Lragir.am. Մայիսի 6-ին, երբ այսպես կոչված ոչ իշխանական քաղաքական ուժերը լռության օր էին հայտարարել եւ հանդես էին գալիս ընդամենը հետընտրական ոչինչ չասող հայտարարություններով, Սերժ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայություն այցելեց ու հանդես եկավ մի քանի աղմկոտ հայտարարությամբ, որոնց գլխավոր ենթատեքստը սեփական անվերապահ իշխանության ցուցադրումն էր:
Իհարկե, այդպիսի դեպքերում կա այսպես ասած Քաջ Նազարի էֆեկտը, երբ մութ անտառում բղավում են ընդամենը վախից: Բայց տվյալ դեպքում, իհարկե, Սերժ Սարգսյանի հայտարարությունները հետընտրական էֆեկտի ֆոնին ավելի խոսուն էին: Նա մեղադրում էր Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանին ու քննիչներին, որ եղել են կամակատար, անկախ չեն եղել: Թե ում կաակատարն են եղել, Սերժ Սարգսյանը կիմանա, բայց նա այդ մասին ոչինչ չասաց: Հետաքրքիր կլիներ իհարկե իմանալ, թե ում կամակատարն են եղել: Եվ եթե եղել են, ապա դա արդյոք քրեորեն հետապնդելի արարք չէ քննիչների համար, որոնք պետք է լինեն միայն օրենքի կատարածուն:
Այսինքն, ՀՔԾ նոր ղեկավար Վահրամ Շահինյանը կսկսի հենց իր իսկ կառույցի կամակատարների բացահայտումից, որպեսզի նաեւ ցույց տա քննիչներին, թե ինչ է նրանց սպասում համանման դեպքերում: Բայց, ամենայն հավանականությամբ, ՀՔԾ բոլոր ուժերն առաջիկայում կուղղվեն բարձրաստիճան պաշտոնյաների ֆինանսական բուրգին, որի գործը հայտնվել է ՀՔԾ-ում:
Սերժ Սարգսյանի այցելության եւ խորհրդակցության առանցքային դրվագներից մեկն իհարկե դա է: Այդ բուրգի գործի մասին Սարգսյանը ոչինչ չասաց, համենայն դեպս հրապարակայնորեն՝ հանդիպման մամուլին մատչելի մասում: Բայց կասկած լինել չի կարող, որ առնվազն տողատակի իմաստով ՀՔԾ անձնակազմին պարզ է, թե որն է ներկայում թիվ մեկ գործը: Այդ գործի մասին մամուլը գրեց Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկության համատեքստում: Թեեւ պաշտոնապես այդ լուրը հերքվեց, թե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ֆինանսական բուրգ են կառավարել եւ զբաղվել մեքենայություններով, այդուհանդերձ մի քանի օր անց ոստիկանությունը պաշտոնապես հաստատեց դա, իսկ ոստիկանապետ Վովա Գասպարյանն էլ հայտարարեց, որ իրենք ունեցել են տեղեկություններ, որոնք էլ ըստ կարգի փոխանցել են Հատուկ քննչական ծառայությանը:
Եվ այդ տեսանկյունից, Սերժ Սարգսյանի այցը, ինչպես նաեւ ծառայության պետի փոփոխությունն ու դրա եւ ընդհանրապես ծառայության գործունեության վերաբերյալ բացատրությունները լիովին կարելի է դիտարկել որպես ֆինանսական բուրգի գործի քննության վերաբերյալ առնվազն նախնական հանձնարարականներ կամ գործունեության քարտ-բլանշ որոշ աղմկոտ անունների կապակցությամբ:
Ակնհայտ է, որ այսպես ասած վերադասավորվող ՀՔԾ-ի աշխատանքի ինդիկատորը դառնալու է ֆինանսական բուրգի գործը, ի տարբերություն «հին» ՀՔԾ-ի, որի համար այդպիսին էր Մարտի 1-ի գործը: Այդ գործը նախկին ՀՔԾ-ն բարեհաջող տապալեց եւ հինգ տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ գտնել խաղաղ ցուցարարների սպանության համար գեթ մեկ կոնկրետ մեղավորի:
Ի դեպ, այդ իմաստով էլ հետաքրքրական է, թե արդյոք Սերժ Սարգսյանի դժգոհությունը ՀՔԾ-ից ենթադրում էր նաեւ դժգոհություն Մարտի 1-ի գործից: Եւ ի՞նչ է փոխվելու այդ գործում, ՀՔԾ պետի եւ աշխատաոճի փոփոխության դեպքում: Եթե իհարկե պետի փոփոխությունը եւ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը բերեն աշխատաոճի, ոչ թե ընդամենը քաղաքական հաշվեկշռի փոփոխության: Ի վերջո, առաջին ոլորտը չէ եւ առաջին անգամը չէ, որ խորհրդակցության է ենթարկվում:

Ջեյմս Հակոբյան