Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի բյուրոն Տաճատ Սարգսյանին կենտկոմի առաջին քարտուղարի և բյուրոյի անդամի պարտականություններից ազատելու որոշում է կայացրել:
 
Այս մասին հայտնեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի բյուրոյի անդամ Դավիթ Հարությունյանը: «Կուսակցության կենտկոմի բյուրոն հոկտեմբերի 25-ին նիստ է գումարել, որի ընթացքում որոշում է կայացվել Տաճատ Սարգսյանին ազատել կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարի և բյուրոյի անդամի պարտականություններից: Բյուրոյի որոշմամբ Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար է նշանակվել Երջանիկ Ղազարյանը»,- ասաց Հարությունյանը:
 
Հարցին՝ ո՞րն է եղել Տաճատ Սարգսյանին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի և բյուրոյի անդամի պարտականություններից ազատելու որոշման պատճառը, Դավիթ Հարությունյանը պատախասնեց, որ բյուրոն նման որոշում է կայացրել, քանի որ Տաճատ Սարգսյանն առողջական խնդիր ունի:
 
Նա հայտնեց, որ Երջանիկ Ղազարյանը նախկինում եղել է կուսակցության երիտասարդական կենտկոմի առաջին քարտուղարը: ՀԿԿ կենտկոմի նոր առաջին քարտուղարը ծնվել է 1969թ., ամուսնացած է, ունի երկու տղա և մեկ աղջիկ: