Կատալոնիայի իշխանությունները պատրաստ են եղել ցրել ինքնավարության խորհրդարանը և անցկացնել վաղաժամ ընտրություններ, սակայն Իսպանիայի կառավարությունը բավարար երաշխիքներ չի տվել, որ կկասեցվի սահմանադրության 155-րդ հոդվածի գործողությունը, ինչը կարող է սահմանափակել կատալոնյան ինքնակառավարումը: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն իր պաշտոնական ուղերձում:
«Մենք պատրաստ էինք ընտրություններ անցկացնել՝ պայմանով, որ մեզ երաշխիքներ կտան, որոնք թույլ կտան անցկացնել նորմալ ընտրություններ: Այդ երաշխիքների բացակայությամբ այսօր խորհրդարանական ընտրություններ անցկացնելը հիմնավորված չէ»,- ասել է Պուչդեմոնը:
Նրա խոսքով, որպես կառավարության ղեկավար իր պարտքն է եղել «փնտրել բացառապես բոլոր ճանապարհները, որպեսզի երկխոսության և համաձայնության միջոցով գտնվի ժողովրդավարական լուծում քաղաքական հակամարտությունից դուրս գալու համար»: