Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ Ռուսաստանում նոյեմբերի 15-23-ը կանցկացվեն Հայաստանի մշակութային օրեր: Բազմաբովանդակ ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր և այլ միջոցառումներ կիրականացվեն Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում: Այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը և Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական միության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը:
«Միջոցառումներ տեղի կունենան ոչ միայն Մոսկվայում և Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում, այլև ՌԴ տարբեր մարզերում: Մենք աշխատել ենք ներկայացնել հայ ժողովրդի մշակույթը, ավանդույթները ողջ Ռուսաստանում:
Միջոցառումների պաշտոնական մեկնարկը կտրվի նոյեմբերի 15-ին Տրետյակովյան պատկերասրահում: Այնտեղ կբացվի Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Նոյեմբերի 10-ին ծրագրում ենք Մոսկվայի հաղթանակի թանգարանում ԽՍՀՄ նշանավոր զորահրամանատար Հովհաննես Բաղրամյանի 120-ամյակին նվիրված միջոցառում իրականացնել, որին ներկա կլինի նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
Նոյեմբերի 18-ին Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում համերգային ծրագրով հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և առաջատար օպերային երգիչներ Հասմիկ Թորոսյանը, Լիպարիտ Ավետիսյանը: Համերգը կղեկավարեն չորս դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյանը, Սերգեյ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը և Վլադիմիր Սպիվակովը:
Նոյեմբերի 22-ին Նկարիչների կենտրոնական տանը տեղի կունենա «Հայաստանի տարրերը» համալիր միջոցառում: Կներկայացվեն հայկական կերպարվեստը, արծաթագործությունը, տարազները, կհնչեն դուդուկ և ջազ երաժշտություն:
Միջոցառումների փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում: Եզրափակիչ համերգային ծրագրում հանդես կգան Վահագն Հայրապետյանի ջազային կվինտետը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը:
Միջոցառումներ են նախատեսված նաև ՌԴ դպրոցներում, համալսարաններում:
Վարդան Տողանյանը հավելեց, որ մշակութային օրերի բացմանը գուցե ներկա լինի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Վիկտոր Կրիվոպուսկովի խոսքով' դարեր շարունակ Հայաստանը և Ռուսաստանը լավ բարեկամներ են եղել: «Երբ իմացանք, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր են անցկացվելու, որոշեցինք, որ դրանք պետք է յուրահատուկ և ընդգրկուն լինեն: Դիմեցինք Ռուսաստանի տարբեր քաղաքների քաղաքապետներին, մարզպետներին, որպեսզի նրանք աջակցեն մեզ, և միջոցառումներ անցկացվեն իրենց քաղաքներում և մարզերում: Ռուսաստանում սիրում են հայերին, և մշակութային օրերը նրանց ավելի խորը ճանաչելու հիանալի հնարավորություն կտան»,-ասաց նա:
Մշակութային օրերի շրջանակում Ռուսաստանի մարզերում հյուրախաղերով հանդես կգան Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, այլ մշակութային խմբեր:
Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական միությունը կայանալիք միջոցառումների մասին տեղեկություն է տրամադրել դաշնային և այլ հեռուստատեսություններին: