Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում հանրային տրանսպորտի խնդրին:
«Պատրաստվելով մեկնել հայկական Վանաձոր քաղաք (մեծությամբ երկրի երրորդ քաղաքն է)՝ ես չէի կարծում, որ ստիպված կլինեմ Երեւանից հասնել այնտեղ տաքսիով: Ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկի համար Հայաստանում ուղեւորությունները սովորաբար մեկնարկում են Երեւանի «Կիլիկիա» ավտոկայանից: Դա մեծ խորհրդային շենք է, որում ներկայումս կարելի է բացառապես նստել եւ սպասել ձեր տրանսպորտին: Ավելի վաղ այնտեղ կային դրամարկղեր, դիսպետչերներ, մոր եւ մանկան սենյակ, սրճարան եւ այլն: Այժմ կան ավտոբուսային ընկերությունների միայն մի քանի գրասենյակներ, որոնք տեղափոխում են մարդկանց դեպի Իրան, Թուրքիա կամ Ռուսաստան»,-գրել է բլոգերը:
Լապշինին զարմացրել է այն հանգամանքը, որ այլ քաղաքներ գնալու համար ուղևորները ստիպված են սպասել այնքան, որ երթուղայինը լցվի: Բլոգերի խոսքով՝ նա սպասել է վանաձորյան երթուղայինում շուրջ 40 րոպե, ապա ձանձրացել և կանչել տաքսի:
«Հիշեցի սեւ Աֆրիկան, որտեղ ես եղել եմ ընդամենը մեկ ամիս առաջ: Սենեգալի մայրաքաղաք Դակարում ժամերով սպասում էի կիսաքանդ միկրոավտոբուսում մինչեւ երթուղայինի շարժվելը: Այնուհետեւ ճանապարհին մեքենան փչացավ եւ այդպես էլ մենք ոչ մի տեղ չհասանք: Գրողը տանի, Հայաստանը, ի վերջո, Սենեգալ չէ»,-նշել է Լապշինը: