Էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգ (ԷՏՏՀՄԱՀ) ստեղծելու նախաձեռնության շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության 2017-ի սեպտեմբերի 8-ին մրցույթ էր հայտարարվել: Նախաորակավորման հայտ է ներկայացրել «Էլեկտրոնային տոմսերի միասնական համակարգ» և «ԻնֆոՏեխ» մեկ հայկական և մեկ ռուսական ընկերություններից կազմված կոնսորցիումը, որի հայտը համապատասխանում է նախաորակավորման՝ հայտարարությամբ սահմանված պահանջներին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Մենք մի քանի պայման էինք առաջադրել. ամենակարևորը օպերատորը չպետք է զբաղվի տոմսերի վաճառքով, իսկ անհավասար մրցակցությունից խուսափելու նպատակով վաճառքը պետք է իրականացնի միջնորդ կազմակերպությունների միջոցով: Համակարգը պետք է համադրելի լինի ՀՀ-ի հարկային քաղաքականությանը: ՊԵԿ-ը «տեսնելու» է ողջ տոմսաշրջանառությունը, ինչն ամբողջությամբ բացառելու է ստվերը: Մրցույթի պարտադիր պայմաններում նաև հետևյալ պահանջն էր առաջադրվել՝ հաղթողը Հայաստանում ներդնում է Միասնական էլեկտրոնային տոմսային համակարգը և որոշակի ժամանակահատվածում համարվում է ոլորտի օպերատորը:
Համակարգը շահագործելուց որոշ ժամանակ անց (ժամկետը հստակեցվելու է բանակցությունների արդյունքում) այն պետք է հանդիսանա որպես պետական սեփականություն»,-պարզաբանել է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Պողոսյանի խոսքով` համակարգում փորձում են կիրառել պետություն-մասնավոր հատված ձևաչափը: Նախաորակավորման փուլում մեկ հայտի գոյությունը փաստում է, որ իսկապես բարձր նշաձող է սահմանվել: «Արվել է ամեն բան, որ հաղթողը լինի ոլորտում պրոֆեսիոնալ, իսկ ներդրվող համակարգը՝ անթերի»,-ասել է փոխնախարարը:
Ըստ մրցութային հանձնաժողովի քարտուղար Արսեն Սողոմոնյանի` նախաորակավորման ընթացակարգին կհետևի կոնսորցիումի հետ բանակցությունների փուլը.
«Ի՞նչ է ենթադրում բանակցությունների փուլը. 15 օրվա ընթացքում մասնակիցը ներկայացնում է տեխնիկական առաջադրանք՝ իր կողմից առաջարկվող պայմանների հիման վրա: Առաջարկությունները կքննարկվեն հանձնաժողովի համապատասխան նիստում: Վերջնական տեխնիկական բնութագիրը համատեղ հստակեցնելուց հետո կուղարկվի մրցույթի երկրորդ փուլի հրավերը»,-ընդգծել է նա: