Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է ամբողջ Հայաստանում ներդնել տոմսերի գնման միասնական էլէկտրոնային համակարգ:
Փաստորեն, էլեկտրոնային համակարգին անցում կատարելով գործազրկության խնդրի առաջ կկանգնեն տոմսավաճառները՝ ավելացնելով գործազրկության առանց այն էլ բարձր ցուցանիշը:
Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Երևանի մի քանի թատրոնների տոմսավաճառների հետ՝ պարզելու արդյոք նրանք համամի՞տ են նախարարի առաջարկած նորամուծության հետ և ինչպե՞ս են պատկերացնում իրենց հետագա գործունեությունը:
Մեզ հետ զրույցում Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տոմսավաճառն ասաց, որ առաջին անգամ է լսում տոմսերի գնման միասնական էլէկտրոնային համակարգի մասին և բացասական է վերաբերվում նախարարի այս նորամուծությանը. «Եթե նման բան կա, միանշանակ բացասական եմ վերաբերվում, քանի որ էլեկտրոնային համակարգի դեպքում աշխատողների թիվը կկրճատվի»:
Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տոմսարկի աշխատակիցն էլ նշեց, որ տոմսերի գնման էլեկտրոնային համակարգի մասին վաղուց է լսել, սակայն, թե ինչպիսի բացասական հետևանք դա կունենա իրենց՝ տոմսավաճառների վրա, այս պահին չի կարող ասել. «Մտածում են առաջ գնալու մասին, ամեն ինչ գնում է էլեկտրոնային տարբերակի: Սա լավ է, բայց այս դեպքում, օրինակ, ես կմանամ գործազուրկ: Այդքան գործազուրկ կա, ո՞վ է մտածում նրանց մասին, յուրաքանչյուրս պիտի ինքներս մի բան մտածենք, թե որտեղ կկարողանանք այլ աշխատանք գտնել»,- ասաց տոմսավաճառը:
Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի տոմսարկղի աշխատակիցը նույնպես շեշտեց, որ նախարարի առաջարկն ու կառավարության որոշումն առաջ կբերեն մի շարք խնդիրներ այս ոլորտում, որոնցից մեկն էլ առնչվում է տեխնիկական խնդիրներին, մասնավորապես, նստատեղի ընտրությանը. «Ճիշտը տոմսարկղից առձեռն տոմսը գնելն է ու նստատեղի ընտրությունը տեղում կատարելն է: Տոմսարկղի աշխատողի գործն է պակասում. մարդիկ տանից կպատվիրեն տոմսը, էլ տոմսարկղի աշխատողի աշխատանքը պետք չի լինի: Թյուրիմացություններ կլինեն. մարդիկ կգան կասեն՝ «սա իմ տեղն է», մյուսը կասի՝ իմ տեղն է»», իսկ տեղում գնելու դեպքում նման խնդիր չի առաջանա»,- նշեց նա:
Եվ թերևս միայն թատրոնի տոմսավաճառն էր, ով ոգևորությամբ ընդունեց կառավարության այս որոշումը՝ շեշտելով, որ յուրաքանյուր առաջընթաց գովելի է և նոր սկսած ցանկացած գործ էլ խնդիրներով է մեկնարկում, որոնք աստիճանաբար հաղթահարվում են: «Նայած՝ ում համար կառաջանա գործազրկության խնդիր, եթե ուզում են աշխատել, ապա պետք է տիրապետեն էլեկտրոնային համակարգին»,- ընդգծեց տոմսավաճառը:
Սոնա Հարությունյան