Մեծամորի ատոմակայանի փակման մասին քննարկումները նախաձեռնվում են արհեստականորեն և որևէ առնչություն չունեն իրականության հետ: Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրագրողը նշել է, որ նոյեմբերի վերջին Բրյուսելում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք համաձայնագրի կետերից մեկով նախատեսվում է փակել Մեծամորի հայկական ատոմակայանը: Նա փորձել է հետաքրքրվել, թե արդյոք դա տեղի կունենա ԱԷԿ-ի արդիականացման մասին ռուս-հայկական պայմանագրի ժամկետի ավարտից հետո (2026 թվականից հետո), թե դրանից ավելի վաղ:

«Եվրամիության հետ համաձայնագրում այդ դրույթը ձևակերպված է՝ հաշվի առնելով Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման օբյեկտիվ ժամկետները: Հայաստանի կառավարությունը 2014 թվականի մարտին որոշում է ընդունել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման մասին: Ժամկետի երկարացման նախագծի ֆինանսավորումը կիրականացվի 270 մլն ԱՄՆ դոլարի ռուսական պետական արտահանման վարկի և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի հաշվին»,-հայտնել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ ներկայում ռուսական «Ռոսատոմ» պետական ընկերության հետ տարվում են աշխատանքներ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ուղղությամբ:

«Կարևոր է նշել, որ ԱԷԿ-ը գործում է համապատասխան ՄԱԳԱՏԷ-ի բոլոր չափորոշիչներին, և դա միջազգային մասնագիտացված կառույցների եզրակացությունն է: Աշխատանքներ են տարվում նախագծային և շահագործման անվտանգության բարձրացման, ինչպես նաև արդիականացման ուղղությամբ: Այնպես որ, Մեծամորի ԱԷԿ-ը կծառայի առնվազն մինչև 2027 թվականը: Մենք կարծում ենք, որ սեփական անվտանգության և առաջին հերթին էներգետիկ անվտանգության նպատակով ատոմային էներգետիկան միշտ կլինի Հայաստանում»,- հայտարարել է ՀՀ Նախագահը:

Լրագրողը փորձել է հետաքրքրվել, թե արդյոք նոյեմբերին ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումից հետո կարող է խոսք գնալ ԱԷԿ-ի փակման մասին, ինչին ի պատասխան Սարգսյանն ասել է. «Ոչ, ոչ: Համաձայնագրում նման կետ չկա»: