«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամները երեկ հանդիպել են Իրաքի ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի Ալ-Զիբարիի գլխավորած պատվիրակության անդամներին: Աբդելբարի Ալ-Զիբարին, ինչպես նաեւ պատվիրակության անդամները, կարեւորել են համագործակցության խորացման անհրաժեշտությունն առեւտրատնտեսական, մշակութային, կրթության ոլորտներում: Այդ ոչ այդքան ուշադրություն գրավող հանդիպմանը չի մասնակցել Հայաստան-Իրաք բարեկամական խմբի նախագահ, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Վերջինս Հայաստան-Իրաք առեւտրաշրջանառության առանցքային դերակատարներից է, մեծ քանակի խմիչքներ է արտահանում Իրաք:
Հիշեցնենք, որ ՀԺ-ն ավելի վաղ գրել էր, որ ԱԺ պատգամավոր, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, որը վիսկիի գործարան է հիմնել Իրաքում, ձեռք է բերել նաեւ մոտ 1000 հատ էշ, որոնցով վիսկին լեռնային ճանապարհներով տեղափոխում է հարեւան երկրներ: Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը նաեւ Հայաստան-Մոնղոլիա բարեկամական խմբի անդամ է: Թե ինչ գործունեություն է ծավալել նա Մոնղոլիայում, առայժմ հայտնի չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում