Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ում այսուհետ հնարավորություն է ընձեռվում մասնակցել շուրջ 3 ամիս տևողությամբ մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացներին և ստանալ Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAO) կողմից սահմանված պահանջներին համապատասխանող մասնավոր օդաչուի վկայական (PPL): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Դեռևս 2017 թվականի հունիս ամսին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ինքնաթիռներ արտադրող ամերիկյան Piper ընկերության վաճառքի գծով փոխնախագահ Դրյու Մակիվենի և ԱՊՀ երկրներում Piper ընկերության պաշտոնական ներկայացուցիչ, SimAvia ընկերության տնօրեն Սիմոն Մնոյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել էր ընկերության հետ հնարավոր համագործակցությունը: Ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ կատարած աշխատանքների արդյունքում, այսօր արդեն ստեղծվել են համապատասխան պայմաններ դասընթացներն իրականացնելու համար: Մասնավորապես, «Ավիաուսումնական կենտրոնը» համալրվել է ամբողջովին նոր համակարգչային վարժասարքերով, ինքնաթիռների թռիչքների նմանակման վարժասարքով և Piper PA-28-181 Archer III տիպի օդանավով, որով ուսանողները հնարավորություն կունենան ուսումնական թիռչքներ իրականացնել Հայաստանի տարածքում:
ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը, այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոսելով ծրագրի մասին, նշել է, որ այն կդառնա համակարգ ստեղծող և որը պահանջված կլինելի և՛ Հայաստանում, և՛ տարածաշրջանում:
Սերգեյ Ավետիսյանը շեշտել է նաև այն, որ SimAvia ընկերությունն ԱՊՀ–ում վաճառված յուրաքանչյուր Piper տիպի օդանավի դիմաց Երևանի ուսումնական կենտրոնում դասընթացին անվճար մասնակցելու հնարավորություն կընձեռի, որը ծրագրի համար լրացուցիչ խթան կդառնա:
ԱՊՀ երկրներում Piper ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սիմոն Մնոյանը, կարևորելով ծրագրի մեկնարկը, նշել է, որ ոչ հեռավոր ապագայում ուսումնական կենտրոնը օրինակ կդառնա որակյալ օդաչուների պատրաստաման առումով. «Այսօր արդեն Հայաստանի Հանրապետությունում ներկայացնում ենք մասնավոր օդաչունների պատրաստման ծրագիրը, որը նախատեսում ենք Հայաստանի, Ռուսաստանի և աշխարհի բոլոր շուկաների համար»:
Piper ընկերության վաճառքի գծով փոխնախագահն իր ուրախությունն է հայտնել ծրագրին մասնակից լինելու համար և նշել, որ 80 տարի է, ինչ Piper ընկերությունը զբաղվում է օդանավերի արտադրությամբ և ամբողջ աշխարհում հայտնի է իր գործունեությամբ:
Մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացի իրականացումը նոր նախադրյալներ կստեղծի Հայաստանում՝ միտված ընդհանուր նշանակության և փոքր ավիացիայի զարգացմանը: Այն հայ մասնագետների համար կստեղծի հնարավորություն՝ իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցելու նաև օտարերկրյա դիմորդներին: Ծրագիրը կխթանի նաև ՀՀ-ում ներգնա զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին: