Հայաստանի առևտրային հիմնական գործընկեր Ռուսաստանից սպասվող դրամական փոխանցումների էական նվազմամբ և տնտեսությունում թույլ ներդրումային ակտիվությամբ պայմանավորված' սպասվում է, որ 2015 թվականին Հայաստանի տնտեսությունում 5.2 տոկոսով կկրճատվեն մասնավոր հատվածի ծախսումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Կենտրոնական բանկի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ գործոններով պայմանավորված' մասնավոր ծախսումների սպասվող նվազումը 2015 թվականին կմեղմվի նախորդ տարվա ընթացքում իրականացված ընդլայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ազդեցությունների պահպանմամբ, ինչպես նաև 2015 թվականին ակնկալվող' տնտեսությանը նոր հարկաբյուջետային խթանների տրամադրմամբ:
Համաձայն ԿԲ հաշվետվության' 2016-2017 թվականներին մասնավոր ծախսումները աստիճանաբար կվերականգնվեն' արձանագրելով չափավոր աճի տեմպեր: Նշված ժամանակահատվածում տնտեսական աճի վրա մասնավոր ծախսումների բացասական ազդեցությունը կմեղմվի 2015 թվականին իրականացվելիք հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականության ազդեցության պահպանմամբ և զուտ արտահանման դրական նպաստումով:
Չնայած մասնավոր ծախսումների վերը նշված շարժը որոշակիորեն բացասաբար կանդրադառնա տնտեսական աճի վրա, այնուամենայնիվ, այն հետագայում կնպաստի տնտեսությունում հավասարակշռության և կայունության ձևավորմանը: 2015 թվականին մասնավոր սպառմանն ուղղված ծախսումները էականորեն վերագնահատվել են նվազման ուղղությամբ' պայմանավորված ՌԴ-ից դրամական փոխանցումների զգալի կրճատմամբ և տնտեսության վարկավորման աճի տեմպերի ակնկալվող նվազմամբ: Այս պայմաններում գնահատվում է, որ 2015 թվականին տնային տնտեսությունների' վերջնական սպառմանն ուղղված ծախսումները օրական արտահայտությամբ կկրճատվեն 3.3 տոկոսով:
Այդ գործոնները, ինչպես նաև տնտեսությունում առկա և սպասվող թույլ ներդրումային ակտիվությունը 2015 թվականին կհանգեցնեն մասնավոր ներդրումների շուրջ 14 տոկոսով կրճատմանը, որն էապես ցածր է նախորդ կանխատեսումների համեմատ:
2015 թվականին սպասվող մասնավոր ներդրումների նվազումը կպայմանավորվի շինարարության և տնտեսության ոչ արտահանելի այլ հատվածներում գործող ձեռնարկություններում ներդրումների կրճատմամբ, որը կգերակշռի արտահանելի ոլորտում սպասվող ներդրումների աճին: Արտահանելի հատվածում ներդրումների սպասվող աճն իր հերթին պայմանավորված է 2014 թվականի վերջին ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկման արդյունքում ոլորտում շահութաբերության աճով: