Կենտրոնական բանկը Հայաստանի տնտեսական աճը 2015 թ. գնահատվում է 0,4-2 տոկոսի միջակայքում՝ պայմանավորված արտահանելի հատվածի աշխուժացմամբ: ԿԲ «Գնաճի հաշվետվության» համաձայն' կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճը աստիճանաբար կմոտենա իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին' պայմանավորվելով մասնավոր սպառման աճի տեմպերի արագացմամբ և մասնավոր ներդրումների դանդաղ տեմպերով վերականգնմամբ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Կենտրոնական բանկը հայտնում է, որ 2014 թ. չորրորդ եռամսյակում պահպանվել է ներքին ցածր պահանջարկ, որի մասին են վկայում մասնավոր սպառման նվազումն ու ներդրումային թույլ ակտիվության պահպանումը' հիմնականում պայմանավորված արտերկրից և հատկապես ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների զգալի կրճատմամբ: Արդյունքում գնահատվում է, որ 2014 թ., նախորդ տարվա համեմատ, մասնավոր սպառմանն ուղղված ծախսերը կմնան անփոփոխ, իսկ մասնավոր ներդրումները կնվազեն 0.6 տոկոս:

 

Առաջարկի տեսանկյունից տնտեսական աճի դանդաղումը այս եռամսյակում ևս պայմանավորվել է արդյունաբերության ճյուղի ու ծառայությունների, մասնավորապես' առևտրի ոլորտի թողարկման ծավալների ցածր աճով և շինարարության ճյուղում շարունակվող բացասական զարգացումներով: Ի տարբերություն նշված ճյուղերի, գյուղատնտեսության ճյուղի զարգացումը եղել է կանխատեսվածին համահունչ: Արդյունքում ակնկալվում է, որ 2014 թվականին տնտեսական աճը գտնվել է 3.2-3.5 տոկոսի շրջանակում: