Միջազգային շուկաներում արդյունաբերական մետաղների գների նվազումը, Հայաստանում արդյունաբերության ճյուղի անկումը և վատ եղանակային պայմանները նպաստել են ներքին տնտեսական աճի դանդաղմանը: Այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունության հաշվետվության» մեջ: Հաշվետվության համաձայն' Հայաստանի ֆինանսական կայունության վրա ազդող հիմնական ռիսկերն առաջին կիսամյակում պահպանվել են, իսկ հետագա զարգացումների հետ կապված անորոշությունները՝ ավելացել: Զարգացած երկրներում տնտեսական աճի վերականգնումը, թեև անհաստատ տեմպերով, շարունակվել է, իսկ զարգացող երկրների տնտեսական աճի հեռանկարն առավել անբարենպաստ է:
«Աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված՝ լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծվել Ռուսաստանի տնտեսական աճի համար, ինչն իր հերթին կարող է անդրադառնալ ՀՀ ներհոսող մասնավոր տրանսֆերտների և դեպի ՌԴ արտահանման ծավալների վրա: ՀՀ հիմնական առևտրային գործընկեր Եվրամիության որոշ երկրներում և Ռուսաստանում տնտեսական զարգացումները սպասվածի համեմատ անբարենպաստ են եղել, թեև դրանց ազդեցությունը ներքին տնտեսության վրա դեռևս թույլ է, մասնավորապես՝ կիսամյակի ընթացքում արձանագրվել է ինչպես ապրանքների արտահանման, այնպես էլ մասնավոր դրամական փոխա նցումների աճի տեմպերի նվազում»,- գրված է հաշվետվության մեջ:
Հաշվետվության մեջ նշվում է, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում վարկային պորտֆելի աճի տեմպերի դանդաղմանը զուգընթաց դիտարկվել է կապիտալի համարժեքության նվազման տեմպի դանդաղում: ՀՀ բանկային համակարգը պահպանել է նորմատիվային պահանջներից բարձր կապիտալի համարժեքության ու իրացվելիության ցուցանիշներ, կառավարելի շուկայական ռիսկեր: Ֆինանսական համակարգում առկա ռիսկերը թեև որոշ դեպքերում ցուցաբերել են աճի միտում, սակայն շարունակել են մնալ կառավարելի շրջանակում՝ ռիսկեր չառաջացնելով ֆինանսական կայունության համար:
Ըստ 2014 թ. առաջին վեց ամիսների տվյալների՝ ՀՀ տնտեսական աճը կազմել է 3.4 տոկոս (2013-ի առաջին կիսամյակում՝ 3.5 տոկոս): Աճի տեմպի նվազումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ճյուղի անկմամբ և մյուս ճյուղերի աճի տեմպերի նվազմամբ: