ԱՊՀ-ի երկրների տնտեսությանը ոչ դյուրին ժամանակներ են սպասում: Այդ մասին ասված է Համաշխարհային բանկի նոր զեկույցում, որը հրապարակվել է հունիսի 10-ին:
«ԱՊՀ-ի զարգացող երկրներում դիտվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում»,- նշվում է հետազոտության մեջ: Նման վիճակի հանգեցրած հիմնական գործոնների թվում դրա հեղինակները նշում են «զարգացման դանդաղումն այն պետություններում, որոնք հիմնական առեւտրական գործընկերներն են (տվյալ դեպքում խոսքն ամենից առաջ Ռուսաստանի եւ Չինաստանի մասին է), աշխարհաքաղաքական վեճերը, մետաղների եւ հանքանյութերի գների նվազումը»:
ՀԲ-ի մասնագետների տվյալներով՝ «Ղազախստանի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի ամսական արտադրական ցուցանիշները կտրուկ անկում են արձանագրել 2014 թվականի սկզբին»: Բացի այդ, նրանց կարծիքով, «Ռուսաստանում եւ Չինաստանում ակտիվության նվազումը աճի զսպման Է հանգեցրել Ղազախստանում, որի համար այդ պետությունները հիմնական առեւտրական գործընկերներ են»: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ տարբեր պատճառներով ցուցանիշների նվազում տեղի կունենա տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում:
«Մոտակա հեռանկարում ցուցանիշների վատացումը կապված է Ղազախստանի եւ Ուկրաինայի տնտեսությունների թուլացման, ինչպես նաեւ Ռուսաստանում աճի տեմպերի դանդաղման հետ»,- ասված է զեկույցում:
Եթե 2013 թվականին, ըստ նախնական գնահատումների, տարածաշրջանի ՀՆԱ-ի աճի տեմպերը պետք է կազմեին 4 տոկոս, ապա ընթացիկ տարում, ըստ ՀԲ-ի կանխատեսման, դրանք կարող են նվազել մինչեւ 2,2 տոկոս:
Նման վատացումը երկարատեւ չի լինելու: Բանկի մասնագետներն այն կարծիքին են, որ արդեն հաջորդ տարի այդ ցուցանիշը կբարձրանա մինչեւ 4,6 տոկոս, իսկ 2016 թվականին՝ մինչեւ 4,9 տոկոս:
Ինչ վերաբերում է Ուկրաինային, փորձագետները 2014 թվականին այդ երկրի տնտեսության կտրուկ անկում են կանխատեսում, որն այնուհետեւ կփոխարինվի աստիճանական վերելքով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: