Արժույթի միջազգային հիմնադրամն աշխարհում տնտեսական աճի տեմպերի կանխատեսումը 2015 թվականին իջեցրել է մինչեւ 3,5 տոկոս, իսկ եկող տարի՝ մինչեւ 3,7 տոկոս: Դրանցից յուրաքանչյուրը 0,3 տոկոսով ցածր է այն ցուցանիշներից, որոնք սպասվում էին անցյալ տարվա հոկտեմբերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս թվերը նշված են համաշխարհայի ն էկոնոմիկայի վիճակի եւ մոտակա հեռանկարների վերաբերյալ նոր զեկույցում, որի շնորհանդեսը հունվարի 20-ին անցկացվել է Պեկինում:
Դեպի նվազեցման կողմն են վերանայվել աշխարհի բոլոր առաջատար տնտեսությունների համար արված կանխատեսումները, բացառությամբ ԱՄՆ-ի: Նորացված փաստաթղթի հեղինակները այժմ ԱՄՆ-ի համար 2015 եւ 2016 թվականներին կանխատեսում են համապատասխանաբար 3,6 եւ 3,3 տոկոս աճ: Եվրոյի գոտու համար աճի նոր ցուցանիշները կազմել են 1,2 եւ 1,4 տոկոս, Գերմանիայի համար՝ 1,3 եւ 1,5 տոկոս, Ֆրանսիայի համար՝ 0,9 եւ 1,3 տոկոս, Իտալիայի համար՝ 0,4 եւ 0,8 տոկոս: Մեծ Բրիտանիայում աճի սպասվող տեմպերը փոքր-ինչ ավելի բարձր են՝ 2,7 եւ 2,4 տոկոս, Ճապոնիայում՝ 0,6 եւ 0,8 տոկոս:
ԱՄՆ-ի հետ միասին համաշխարհային աճի լոկոմոտիվներ են մնում BRICS-ի երկրները: Չինաստանում զեկույցի կազմողները 2015 եւ 2016 թվականներին սպասում են 6,8 եւ 6,3 տոկոս աճ, Հնդկաստանում՝ 6,3 եւ 6,5 տոկոս, Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ 2,1 եւ 2,5 տոկոս, Բրազիլիայում՝ 0,3 եւ 1,5 տոկոս աճ: Ընդսմին ՉԺՀ-ի համար հոկտեմբերյան կանխատեսման համեմատությամբ սպասումներն այս տարվա համար իջեցված են 0,3 տոկոսով, եկող տարվա համար՝ 0,5 տոկոսով: Ռուսաստանում անկում է կանխատեսվում ՀՆԱ-ի 3,0 եւ 1,0 տոկոսով:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՄՀ-ն սպասում է, որ այս տարի աշխարհի շուկաներում նավթի միջին գինը բարելի դիմաց կկազմի 56,73 դոլար, իսկ 2016 թվականին՝ 63,88 դոլար:
Պարզաբանվում է, որ նկատի է առնվում Բրենտ, Դուբայ եւ Արեւմտյան Տեխաս նավթի միջին թվաբանական գինը: Համեմատության համար ասված է, որ 2014 թվականին նավթի միջին գինը բարելի դիմաց կազմել է 96,26 դոլար: