Այս տարվա համար Կենտրոնական բանկը Հայաստանում կանխատեսում է 4.1-4.8 տոկոս տնտեսական աճ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով Կենտրոնական բանկի 2014թ. դրամավարկային քաղաքկանության ծրագիրը: «Այս տարվա համար կանխատեսվում է 4.1-4.8 տոկոս տնտեսական աճ, իսկ տարվա վերջում գնաճը կկազմի 4 տոկոս' նվազման միտումով»,- կանխատեսեց Ջավադյանը:

 

Նա նշեց, որ այս տարի Հայաստան եկող տրանսֆերտների ծավալները նախորդ տարվա համեմատ նվազում են' տեղեկացնելով, որ 2013թ. նախորդ տարվա համեմատ տրանսֆերտներն աճել էին 12-13 կետով, սակայն այս տարի աճի տեմպը գնալով դանդաղում է: Ջավադյանի խոսքով՝ տարեվերջին տրանսֆերտների աճ կլինի, բայց նախորդ տարվա համեմատ աճն ավելի քիչ կլինի:

 

Ւստ նրա' տրանսֆերտների ծավալների նվազումը, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ծավալների նվազումը չէին կարող ազդեցություն չունենալ փոխարժեքի շուկայի վրա:

 

«Մենք նախորդ տարի մեկ շոկ ենք ունեցել, դրա պատճառով եղել է համամասնության խախտում՝ 3.5 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, մյուս կողմից՝ 5.6 տոկոս գնաճ: Դրա համար ստիպված բարձրացրել ենք վերաֆինանսավորման տոկսադրույքը, որը հիմա աստիճանաբար իջեցնում ենք»,- ասաց ԿԲ նախագահը: