«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կածիքով, հուլիսի սկզբին Հայաստանն ամենայն հավանականությամբ չի ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը(ԵՏՄ) անդամակցելու համաձայնագիրը: Նրա գնահատմամբ, Հայաստանի մասով խնդիրը զուտ տեխնիկական է, եւ անհնար է մեկ շաբաթում հարցերը կարգավորել: Ըստ քաղաքագետի, հավանականությունը, որ ընդհանրապես ԵՏՄ ստեղծման համաձայնագիր չի ստորագրվի, նույնպես մեծ է, քանի որ Մաքսային միության անդամ երեք երկրները' Ռուսաստանը, Ղազախաստանն ու Բելառուսը միմյանց միջեւ չճշտված եւ չպարզաբանված հարցեր ունեն:
«Ես կարծում եմ, որ ավելի հավանական է, որ չեն հասցնի այդ տեխնիկական հարցերը կարգավորել մինչև հուլիսի մեկը: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա սա որևէ կերպ չի առնչվում ղարաբաղի հարցին, եւ անգամ տեխնիկական խնդիրների լուծումն ու Հայաստանի' ապագայում ԵՏՄ անդամ դառնալը որեւէ ազդեցություն չեն ունենա Ղարաբաղի հարցի վրա»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ամենայն հավանականությամբ, հուլիսի 1-ին Մաքսային միության անդամ երեք երկրները կստորագրեն Եվրասիաական տնտեսական միություն ստեղծելու համաձայնագիր: Հայաստանը, որ հայտ է ներկայացրել է Մաքսային միության անդամ դառնալու, ստեղծել է ճանապարհային քարտեզ եւ համաձայնեցրել բոլոր հարցերը: Ըստ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԵՏՄ անդամ դառնալու համար մնացել է համաձայնեցնել մի քանի տեխնիկական հարցեր: ԵՏՄ-ն կլինի վերպետական տնտեսական տարածք, որի անդամ երկրները միմյանց հետ կիրականացնեն առեւտուր սահմանված հատուկ մաքսատուրքերով: