Մինսկում ապրիլի 29-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի Հայաստանի' Եվրասիական միությանն անդամակցելու հարցը: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը: «Ապրիլի 29-ի նիստի ժամանակ որոշում կկայացվի, թե ճանապարհային քարտեզով Հայաստանն ուր է հասել, թե ինչպիսի պայմանագիր կնախապատարստվի, ինչպես նաև հնարավոր է պայմանագրի ստորագր ման ժամկետների վերաբերյալ հստակեցում լինի»,-ասաց Վահրամ Ավանեսյանը' նշելով, որ որեւէ փաստաթղթի ստորագրում հնարավոր է մայիսի վերջ- հունիսին:

 

Էկոնոմիկայի փոխանախարար Կարինե Մինասյանի խոսքով' Հայաստանը, երբ սկսում էր բանակցությունները, հայտարարել է, որ միանում է Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական տարածքին, որը ֆինքսված է բոլոր որոշումներում: «Բայց այդ տարածքում գործընթացները ևս արագ ընթանում են և ՄՄ անդամ երեք երկրները որոշում են կայացրել մինչև մեր միանալը, ստորագրել միասնական մոդիֆիկացված համաձայնագիր Եվրասիական տնտեսական միության մասին: Այնտեղ շեշտադրումը հստակ է, որ միայն տնտեսական հարցերն են կարգավորվելու այդ համաձայնագրով: Գործըթնացը շատ արագ է ընթացքում և, մենք ևս արագ բանակցություններ ենք վարում, որ եթե անհրաժեշտություն լինի, մենք կմիանանք նաև Եվրասիական տնտեսական միությանը»,-ասաց Կարինե Մինասյանը:

 

Լրագրողի հարցին. «Այսինքն' հնարավո՞ր է մենք պայմանագիր կնքենք արդեն ոչ թե Մաքսային միության և Եվրասիական միասնական տարածքին միանալու համար, այլ միանգամից կնքենք Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիր», Կարինե Մինասյանը ասաց' այո: «Դա կախված է նրանից, թե երբ կֆիքսվի, որ այդ պայմանագիրը ուժի մեջ կլինի, քանի որ մեզ համար շատ կարևոր է, որ մենք չհայտնվենք վակուումի մեջ: Այնպես չլինի, որ մենք միանանք Մաքսային միությանն ու Եվրասիական միասնական տարածքին, իսկ երբ գա այն պահը, որ մենք պրակտիկորեն պետք է միացած լինենք Մաքսային միությանը, Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը ուժի մեջ մտնի»,-նշեց փոխնախարարը' հավելելով, որ դրանից կախված ապրիլի 29-ին այդ հարցը կքննարկվի և նոր որոշում կկայացվի, թե մենք որ ուղով ենք գնում: «Դա ավելի շատ տեխնիկական ու իրավաբանական բնույթի հարց է»,-ավելացրեց Կարինե Մինասյանը:

 

Հարցին, թե որն է Մաքսային միության ու Եվրասիական միասնական տարածքի տարբերությունը Եվրասիական տնտեսական միությունից, Վահրամ Ավանեսյանը նշեց, որ վերջինը մեկ քայլ առաջ է և իր մեջ է ներառում առաջին երկուսը: «Երեք երկրները մի քայլ առաջ են գնացել ու ուզում են ստեղծել Եվրասիական տնտեսական միություն: Էական տարբերությունը հետևյալում է. ավելանալու են մի քանի պայմանագրեր, և երկրորդը' այն ընդհանուր մոդիֆիկացված համակարգ է, որը իր մեջ ներառելու է Մաքսային միությունն ու Եվրասիական միասնական տարածքը: Ժամանակագրական առումով «միությունը» ն շանակում է, որ այս երեք երկրները տարբեր պայմանագրերի շրջանակները բերում են միասնական համաձայնագրի շրջանակ»,-ասաց Վահրամ Ավանեսյանը:

 

Կարինե Մինասյանի տեղեկացմամբ' Մաքսային միության դեպքում, եթե խոսք է գնում միայն ապրանքների շարժի մասին, ապա միության դեպքում ավելանում են չորս ազատությունները: «Եվրասիական տնտեսական միության համաձայնագրով անդամ երկրները միասնական շուկա կունենան չորս ազատությունների մասով, նաեւ' ծառայությունների ազատ շարժի, կապիտալի հոսքի, աշխատուժի»,-ասաց Կարինե Մինասյանը:

 

Կարո՞ղ է Եվրասիական տնտեսական միությունը ենթադրել միասնական արժույթի ստեղծում' Վահրամ Ավանեսյանն ասաց. «Դա կարող է ապագայում հանգեցնել միասնական արժույթին, բայց դա չի ենթադրում»,-ասաց նախարարի պաշտոնակատարը: