«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եղել ու մնում է Հայաստանի Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը միանալու ջատագովը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 28-ին այս մասին հայտնեց Արամ Կարապետյանը' հավելելով, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ Եվրամիությունը նոր բան չեն առաջարկում Հայաստանին: «Արևմուտքը ոչ մի նոր բան չի առաջարկում ոչ տնտեսական քաղաքականության, ոչ արտաքին մարտահրավերների ասպարեզում, ոչ էլ հետագա զարգացման նոր ուղի է ներկայացնում: Սխալներ ամեն տեղ կան, բայց ռուսական քաղաքական գիծը մեզ համար հասկանալի է, այդ գիծը տեսել ենք' վատն է, լավն է, ճիշտ է, սխալ է, դա է»,- ասաց Արամ Կարապետյանը:

 

Նրա խոսքով' ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկները Հայաստանում վերջնականում բերելու են սպասարկող պետության տնտեսական մոդելին: «Օպերատիվ պետական գործիչը նայում է օպերատիվ կառավարման' տնտեսության, քաղաքականության, արտաքին քաղաքականության, արվեստի տեսանկյունից»,-ասաց Արամ Կարապետյանը' հավելելով, որ կողմ է Հայաստանում եվրոպական կացութաձևի զարգացմանը: «Բայց պետք է հաշվի առնենք, որ մեզ շրջապատում են 140 միլիոն մուսուլմաններ, որոնք երբեմն տրամաբանությունից զուրկ քայլեր են կատարում: Մեզ ով կարող է երաշխիքներ տալ, որ ագրեսիվ քայլ չեն կատարի Հայաստանի նկատմամբ: Աշխարհը գնում է քաոսի, ինչ երաշխիքների մասին է խոսքը: Արտաքին քաղաքական ասպարեզում հատկապես ԱՄՆ-ն մեր շրջանին նայելու է Իսրայելի ու Թուրքիայի աչքերով, քանի որ այդ է վերջին 60 տարիներին ձևավորված քաղաքական գիծը»,-ավելացրեց Արամ Կարապետյանը: