Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրն անհրաժեշտ է ստորագրել ամենամոտ ժամանակներս: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի արդյունքները: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներն այսօր ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:
Պուտինի խոսքով՝ նիստում կողմերն արծարծել են «Եվրասիական միության մասնակիցների շրջանակի ընդլայնման հարցը, քննարկել դրան Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագիծը»: Այդ փաստաթուղթն անհրաժեշտ է հաստատել և ստորագրել ամենամոտ ժամանակներս: Հայկական կողմը կցանկանար դա անել հունիսին, ընդհանուր առմամբ մենք համաձայնեցինք: Ակնկալում ենք, որ Հայաստանը միության գործարկումից քիչ անց կկարողանա դառնալ դրա լիիրավ անդամը»,- ասել է Պուտինը:
Նշենք նաև, որ Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրում մի կետ ավելացնել այն մասին, որ այդ երկիրը դա անում է այն սահմանների շրջանակներում, որոնք ամրագրված են ՄԱԿ-ում:
Նազարբաևը պարզաբանել է, որ, Ադրբեջանի կարծիքով, Հայաստանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը այն սահմանների շրջանակներում, որոնցով նա մտել է ԱՀԿ, և որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կողմից: Նա նշել է, որ իրենք նման պահանջով նամակ են ստացել Ադրբեջանի նախագահից: