Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք նիստում քննարկվելու է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի միանալու հարցը: Այդ մասին մայիսի 28-ին Մոսկվայում լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

 

«Քննարկվելու են եվրասիական ինտեգրացման մասնակիցների կազմի ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ պայմանագրին Հայաստանի միանալուն վերաբերող հարցը: Կքննարկվեն նաեւ Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի նորմատիվային-իրավական բազային Ղրղզստանի օրենսդրության ադապտացման «ճանապարհային քարտեզի» պատրաստման հարցերը»,-ասել է Ուշակովը:

 

«Մենք եզրափակիչ փուլ ենք մտնում, նկատի Է առնվում այն, որ Աստանայի նիստի ընթացքում ստորագրվելու Է այդ պայմանագիրը, ինչից հետո պայմանագրի տեքստը կներկայացվի երեք պետությունների ազգային խորհրդարաններին, եւ մենք հուսով ենք, որ այն արագորեն կվավերացվի «…» ակնկալում ենք, որ 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական միությունը կսկսի գործել. դրանով իսկ երեք երկրները կհասնեն որակապես նոր մակարդակի»,-նշել Է ՌԴ նախագահի օգնականը: Նրա խոսքով՝ արդեն որոշված Է Եվրասիական միության հիմնական մարմինների տեղաբաշխման վայրը:

 

«Եվրասիական հանձնաժողովի կենտրոնակայանը գտնվելու Է Մոսկվայում, դատարանը՝ Մինսկում, իսկ ֆինանսական կարգավորիչը՝ Ալմաթիում»,-ասել Է նա: ՈՒշակովը հավելել Է, որ փաստաթղթի հետ կապված աշխատանքի եզրափակիչ փուլում հաջողվել Է մշակել նավթի ու գազի ընդհանուր շուկաների աստիճանական ստեղծման ասպեկտները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: