ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի' այսօր հրավիրած տարեվերջյան մամուլի ասուլիսում ամփոփվեց անցնող տնտեսական տարին: Ա. Հարությունյանի խոսքով'

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013թ. բյուջեն կատարվել է, խնդիրները չեն խանգարել նախատեսված բոլոր, մասնավորապես, սոցիալական ծրագրերի իրագործմանը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

 

Վարչապետը ամփոփվող տարվա կարեւոր հաջողություններից մեկը համարում է ՀՆԱ-ի 9% աճը, ինչը հիմնականում ապահովվել է շինարարության հաշվին: Կառավարության ղեկավարը անդրադարձավ ԱԺ-ի հավանությանն արժանացած երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթին, նշելով, որ գալիք տարում եւս նախատեսվում է ապահովել տնտեսական կայուն աճ, նոր աշխատատեղերի ավելացում եւ կարեւորագույն սոցիալական ծրագրերի իրականացում:

 

Պատասխանելով ՀՀ-ի' Մաքսային միությանը անդամակցելու հարցին, Ա. Հարությունյանը նշեց, որ Արցախի տնտեսական ինտեգրման ուղեգիծը որեւէ փոփոխություն չի կրելու, ընդհակառակը, Հայաստանում եւ Արցախում նոր հնարավորություններ են ստեղծվելու տնտեսության ակտիվացման համար, մանավանդ, որ տեղական արտադրանքի հիմնական մասը արտահանվում է Ռուսաստան:

 

Ա. Հարությունյանը անդրադարձավ հիփոթեքային վարկավորման ծրագրում նախատեսվող փոփոխություններին, որոնց համաձայն' արտոնություններ են սպասվում արտարժույթով վարկ վերցրած քաղաքացիներին: Նրանք առաջիկա 5 տարիների ընթացքում մարելու են միայն մայր գումարը, իսկ տոկոսները սուբսիդավորվելու են կառավարության կողմից: Երկարաձգվելու են նաեւ վարկի մարման ժամկետները, տոկոսադրույքները դեռեւս մնալու են անփոփոխ:

 

Պատասխանելով լրագրողների բազմաթիվ այլ հարցերի' կառավարության ղեկավարը պարզաբանել եւ ներկայացրել է տարբեր բնագավառներում իրականացված ու կատարվելիք ծրագրերը, մեկնաբանել առանձին հիմնահարցեր: