Հայաստանում զարհուրելի տնտեսական իրողություններ կան, արտերկրից ապրանքներ ներկրող փոքր ձեռնարկատիրության ներկայացուցիչների, որոշ դեպքերում նաև միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար ՀՀ օրենսդրությունը և երկրում փաստացի գործող համակարգը կործանարար են: Այս ամենն իրենց համար բացահայտելուց հետո փոքր ձեռնարկատիրությամբ (բիզնեսով) զբաղվող ու ՀՀ ապրանքներ ներկրող ընկերությունները դադարեցնում են իրենց գործունեությունը, շատ գործարարներ ընդհանրապես լուծարում իրենց ընկերությունները' մեր երկրում փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվելը համարելով անիմաստ և անհնար, ոչ քչերը թողնում ու հեռանում են Հայաստանից:
Այս իրավիճակում հաջողում են խոշոր ձեռնարկատերերը, տնտեսական փաստացի մենաշնորհ ունեցող տնտեսվարողները, իսկ տնտեսական ազատ մրցակցային պայմանների մասին խոսելը դառնում է անհեթեթ: Այս պայմաններում սպառողների շահերի ոտնահարում էլ կա, ստվեր ու կոռուպցիա էլ, գների անհիմն տատանումներ էլ, ի վերջո, երկրում համախառն տնտեսական վնաս է առաջանում:
Ահա այս և այլ իրողությունների էինք փաստերով, ապացույցներով, փաստարկված կերպով անդրադարձել մասնավորապես մաքսային համակարգի վերաբերյալ մեր նախորդ հրապարակումներով («Մի կողմից բարբաջում են Հայաստանում փոքր ու միջին գործարարության զարգացման մասին, մյուս կողմից խեղդում, կործանում այդ բիզնեսը», «Ինչպես են կործանում Հայաստանի Հանրապետությունը. Պետական եկամուտների կոմիտե, համապատասխան ղեկավարներ, դե հիմա պատասխանեք…», «Եթե այս վիճակին շուտափույթ վերջ չտրվի, նշանակում է համապատասխան պաշտոնյաները զբաղված են Հայաստանի տնտեսությունը կործանելով»): Ա՛յն համակարգի վերաբերյալ, որի հետ առնչվելուց հետո փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող Երևանի բնակիչ, «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրեն Աշոտ Մնացականյանը զայրութից, միանգամայն հասկանալի ապրումներից ուղղակի ուղեղի կաթված (ինսուլտ) էր ստացել, շտապօգնությամբ տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ, ուր նույնպես հանդիպել էր անմարդկային վերաբերմունքի ու մեկը մյուսին հաջորդող գումարային պահանջների:
Ընդգծեմ, որ պատրաստվում ենք խնդրին առնչվող մեր բոլոր հրապարակումները պատասխանի համար առաջիկայում ուղարկել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, ՀՀ վարչապետին, ինչպես նաև այլ ատյանների ու պաշտոնյաների: Սակայն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն մինչ կստանար մեր համապատասխան նամակը, ինքն է անհրաժեշտ համարել այսօր հանդես գալ պարզաբանմամբ: ՊԵԿ-ի նշված քայլն, անշուշտ, դրականորեն էինք գնահատելու, եթե պարզաբանման մեջ տեսնեինք բարձրացված հարցերի լուծման պատրաստակամություն, սակայն, դրա փոխարեն, տեսնում ենք խուսագրություն, բարձրացված խնդիրները, հրապարակված փաստերը շրջանցելու փորձ:
Նախ, բնականաբար, հարց է առաջանում' եթե ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարել պարզաբանմամբ հանդես գալ ի պատասխան «ԼՈՒՐԵՐ.com» կայքում հրապարակված հոդվածի, ապա ինչո՞ւ է առանձնացրել նույն ձեռնարկատիրոջը և իրեն վերաբերվող երեք հոդվածներից միայն վերջինը, իսկ մյուսներին, իր փոխարեն, ո՞վ կամ պետական ո՞ր մարմինը պետք է պատասխանի, պարզաբանումներ տա:
Եվ երկրորդ հարցը' ՊԵԿ-ը թեկուզ հենց այդ նույն հոդվածի («Եթե այս վիճակին շուտափույթ վերջ չտրվի, նշանակում է համապատասխան պաշտոնյաները զբաղված են Հայաստանի տնտեսությունը կործանելով») առնչությամբ ինչո՞ւ հանդես չի եկել լիարժեք պարզաբանմամբ, ինչո՞ւ է անդրադարձել հոդվածում նշված փաստերի, բարձրացված հարցերի միայն մի մասին:
Իսկ հիմա' ՊԵԿ-ի պարզաբանմանն անդրադառնանք, ինչպես ասում են, «դետալային», պարբերություն առ պարբերություն: ՊԵԿ-ի պարզաբանման մեջ նշված է. «Ա.Մնացականյանի ներկայացմամբ, տեսնելով սարքի փաստաթղթերը, մաքսային միջնորդը (բրոքեր) հայտնել է, որ այն հին է և անհրաժեշտ է որոշել դրա շուկայական արժեքը, ինչին Ա. Մնացականյանը համաձայնել է»: Իսկ ի՞նչ է նշանակում «Ա. Մնացականյանը համաձայնել է»… Այսինքն' կարող էր չհամաձայնե՞լ, չպե՞տք է համաձայներ, ուրիշ ճար ունե՞ր, ձեր ստեղծած համակարգն այնպիսին չէ՞, որ եթե ձեռնարկատիրոջ ներկրած թեկուզ 120 դոլարանոց ապրանքը հին է, ասենք, 25 տարվա, ապա այն պետք է անպայման գնահատվի «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Հստակ պատասխանեք այս հարցերին: Ընդ որում, գնահատման նպատակով փորձագիտական աշխատանքների համար ձեռնարկատերը հարկադրված պետք է վճարի ոչ փոքր գումար (տվյալ դեպքում ԱՄՆ-ից մոտ 60 000 դրամին համարժեք 120 դոլարով գնած լաբորատոր սարքավորման տեխնիկական վիճակի, օգտագործման պիտանելիության և շուկայական արժեքի գնահատման համար Ա. Մնացականյանից պահանջվել ու գանձվել է 27 000 դրամ), սակայն հասկանալի է, որ այս իրողության հետ կապված հարցի հասցեատերը ՊԵԿ-ը չէ:
Ըստ ՊԵԿ-ի պարզաբանման, «Ներկայացված բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրեն Աշոտ Մնացականյանը սահմանափակվել է մաքսային ներկայացուցչի հետ իր շփումներով և բոլոր տեղեկությունները, որոնք նշված են պարբերության մեջ, քաղաքացուն տրամադրվել են մաքսային ներկայացուցչի կողմից, որը, ինչպես պարզվել է հետագայում, եղել է «Գարանտ բրոքերս» ՍՊԸ-ի աշխատակից Հովհաննես Հովհաննիսյանը: Հարկ է շեշտել, որ «Գարանտ բրոքերս» ՍՊԸ-ն հանդիսանում է մաքսային միջնորդական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություն: Բնականաբար ՊԵԿ-ը, որպես պետական կառույց, չի կարող և չպետք է պատասխանատվություն կրի մասնավոր ընկերության աշխատակցի գործողությունների կամ անգործության համար»: Վերջին նախադասությունն ընթերցելուց հետո հարց է առաջանում' իսկ ի՞նչ է' Հովհաննես Հովհաննիսյանն ինչ-որ անօրինական գործողությո՞ւն է կատարել' Ա. Մնացականյանին ուղղորդելով ՀՀ ֆինանսների նախարարություն, որպեսզի այնտեղ դիմում գրի, որ ապրանքը գնահատվի, այս ընթացակարգը, համապատասխան օրենսդրությունը ՊԵԿ-ի և ՀՀ կառավարության ստեղծածը չե՞ն… ՊԵԿ-ն այս հարցերին էլ պետք է հստակ պատասխան տա:
Հաջորդը. ի հեճուկս ՊԵԿ-ի և ի հակառակ իր պնդման, ներկայացված բովանդակությունից ակնհայտ չի դառնում, որ «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրեն Աշոտ Մնացականյանը սահմանափակվել է մաքսային ներկայացուցչի հետ իր շփումներով և բոլոր տեղեկությունները, որոնք նշված են պարբերության մեջ, քաղաքացուն տրամադրվել են մաքսային ներկայացուցչի կողմից: Նախ, ո՞ր պարբերության մեջ (թող բարի լինեին նշել): ՊԵԿ-ն ինչո՞ւ է սևեռվել միայն մեկ պարբերության բովանդակության վրա, չտեսնելու տալով, անտեսելով ողջ հոդվածի բովանդակությունը, որից ակնհայտ է դառնում ճիշտ հակառակը' Աշոտ Մնացականյանը չի սահմանափակվել միայն մաքսային ներկայացուցչի հետ իր շփումներով, նա ս. թ. մարտի 4-ին դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն, որի կազմում էր այն ժամանակ մաքսային ծառայությունը, հիշյալ նախարարությանն ուղղված դիմում է գրել, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, մաքսային ծառայության գեներալ-մայոր Ա. Աֆրիկյանի ստորագրությամբ, 2016 թվականի մարտի 5-ի թվագրությամբ պատասխան է ստացել և այլն:
Ավելին. եթե ՊԵԿ-ը կարդացած լիներ կամ չանտեսեր բարձրացված խնդրի առնչությամբ մեր առաջինհրապարակումը, ապա կիմանար կամ իր պարզաբանման մեջ չէր գրի, թե «Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Աշոտ Մնացականյանն իր առջև ծառացած որևէ խնդրի կապակցությամբ չի դիմել տվյալ պարագայում ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպումներ կատարող ստորաբաժանման՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատան որևէ պաշտոնատար անձի»:
Ա. Մնացականյանն առջև ծառացած խնդիրը ԱՄՆ-ից իր կամ իր ընկերության ստացած, օլիգարխների ներկրած ապրանքների համեմատ լումայի արժեք ունեցող ապրանքների մաքսազերծումն է եղել: Մինչ ԱՄՆ-ից 120 դոլարանոց հիշյալ սարքավորման ստացումը, դարձյալ ԱՄՆ-ից նմանաբնույթ մեկ այլ սարքավորման մաքսազերծման համար Ա. Մնացականյանը դեռ ս. թ. փետրվարին դիմել է «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատան մաքսավորներին: Ընդ որում, ինչպես այսօր լրացուցիչ իմացա հիշյալ ընկերության տնօրենից, դիմել է նշված մաքսատան աշխատակիցներից չորսին: Այդ նրանք են Ա. Մնացականյանին ապրանքի մաքսազերծման համար ուղարկել մաքսային միջնորդների (բրոքերների), մաքսային միջնորդ կազմակերպությունների աշխատակիցների մոտ, նրանց ուղղորդմամբ է Ա. Մնացականյանը դիմել մաքսային միջնորդներին, որոնց ոչ անունը, ոչ էլ տեղը մինչ այդ չի իմացել: Այլապես ինչո՞ւ պետք է դիմեր, իր 30 կամ 15 հազար դրամի ձեռքը կրա՞կն էր ընկել, չգիտե՞ր ինչպես ծախսել… Ի վերջո, պարզ տրամաբանության խնդիր է: Եվ այս ամենից հետո ՊԵԿ-ը դեռ գրում է' Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Աշոտ Մնացականյանն իր առջև ծառացած որևէ խնդրի կապակցությամբ չի դիմել…»: Կարծում ենք, ընթերցողներին հիմա արդեն հասկանալի է, որ այդպիսի ուսումնասիրությունը չափազանց անարժանահավատ է ու չունի որևէ արժեք:
ՊԵԿ-ի պարզաբանման մեջ նշված է. «Հրապարակման մեջ շոշափվում է, որ համաձայն ՄՄ մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի՝ մաքսային հսկողության իրականացման հարցում օժանդակության տրամադրման նպատակով մաքսային մարմիններն իրավունք ունեն մասնագետներ և փորձագետներ ներգրավել պետական այլ մարմիններից»:
Ճիշտն ասած, մեզ ՄՄ մաքսային օրենսգիրքն ընդհանրապես անհայտ է, բայց եթե խոսքը ՀՀ մաքսային օրենսգրքի մասին է, ապա մեր հրապարակման մեջ որևէ հղում կամ հիշատակում չկա նշված օրենսգրքի 102-րդ հոդվածի կամ այդ հոդվածի որևէ մասի վրա: Բայց լավ է, որ ՊԵԿ-ն ինքն է հիշատակում 102-րդ հոդվածի 1-ին մասի մասին ու դրանով իսկ «բացահայտում» ՀՀ տնտեսական համակարգում ոմանց համար ստեղծված «կարմուշկայի» գոյությունը:
Նախ, նկատենք, որ տվյալ հոդվածի տվյալ դրույթը մաքսային մարմիններին պետական այլ մարմիններից մասնագետներ և փորձագետներ ներգրավելու իրավունք է տալիս «մաքսային հսկողության իրականացման հարցում օժանդակության տրամադրման նպատակով»: Խոսքը, ինչպես հստակորեն նշված է, մաքսային հսկողության իրականացման հարցում օժանդակության տրամադրման մասին է, և ոչ թե' ապրանքի տեխնիկական վիճակի, օգտագործման պիտանելիության և շուկայական արժեքի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու:
Երկրորդ. եթե մի պահ նույնիսկ համարենք, թե հիշյալ եզրակացության ստացումը մաքսային հսկողության իրականացման հարցում օժանդակության տրամադրումն է, ապա եթե այդպիսի օժանդակության տրամադրման համար մաքսային մարմինն է դիմում հիշյալ ՊՈԱԿ-ին, ուրեմն թող ինքն էլ բարի լինի վճարել նրան:
Երրորդ. այս կապակցությամբ ՊԵԿ-ի ուշադրությունը բևեռենք հետևյալի վրա. մեր հրապարակումների շարքը միաժամանակ ՀՀ մաքսային խայտառակ, մերժելի, անհանդուրժելի, շտապ բարեփոխման ենթակա օրենսդրության մասին է, որը խեղդում է ՀՀ-ում փոքր և որոշ դեպքերում նաև փոքր ձեռնարկատիրությունը, կործանում ՀՀ տնտեսությունը կամ առնվազն արգելակում մեր երկրի տնտեսական զարգացումը: Խնդիրը նաև հենց այն է, որ օրենսգրքի տվյալ դրույթը (102-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նշված է պարզաբանման մեջ) պետք է ուժը կորցրած ճանաչվի, այս կապակցությամբ հենց ՊԵԿ-ը պետք է մշակի և ՀՀ կառավարություն ներկայացնի օրենսդրական փոփոխության նախագիծ (հակառակ պարագայում' ՀՀ կառավարությունն ինքը, առանց դրա, պետք է հանդես գա օրենսդրական համապատասխան նախաձեռնությամբ), որպեսզի Ա. Մնացականյանի նման որևէ մեկը կամ «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ նման որևէ ընկերություն ստիպված չլինի արտերկրում ընդամենը 120 դոլարով գնված հին ապրանքը մաքսազերծելու համար պարտադիր համարված գնահատման համար վճարել պահանջվող 27 000 դրամը:
ՊԵԿ-ը 102-րդ հոդվածի 1-ին մասի անհրաժեշտությունը փորձել է պատճառաբանել հետևյալ կերպ. «Այս առնչությամբ հայտնում ենք, որ սույն հոդվածի դրույթը կոչված է ծառայելու հատկապես այն դեպքերում, երբ մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որը չի կարող և չպետք է նեղ մասնագիտական գիտելիքներ ունենա բացառապես բոլոր ոլորտներում և բոլոր ապրանքների մասով, դիմի կոնկրետ դեպքում առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիքների և տեղեկատվության տիրապետող մասնագետի, ինչն էլ իրականացվել է»:
Նախ, նկատի ունենանք, որ խոսքը մաքսային մարմնի բոլոր պաշտոնատար անձանց մասին չէ, քանզի այնտեղ տարբեր վարչություններում ու բաժիններում տարբեր պաշտոններ զբաղեցնող, տարբեր գիտելիքներ, ուղղվածություն ունեցող, տարբեր աշխատանքներ կատարող պաշտոնատար անձինք են աշխատում, որոնց հիմնական մասը, այո, չի կարող և չպետք է նեղ մասնագիտական գիտելիքներ ունենա բացառապես բոլոր ոլորտներում և բոլոր ապրանքների մասով: Խոսքը համապատասխան աշխատակիցների մասին է: Այդ ինչպե՞ս է, որ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ համապատասխան աշխատակիցները կարող են ունենալ և ունեն այդպիսի գիտելիքներ, իսկ ՊԵԿ մաքսային ծառայության համապատասխան աշխատակիցները չեն կարող ունենալ այդպիսի գիտելիքներ ու չունեն: Ի՞նչ է' հիշյալ ՊՈԱԿ-ում մարդկանց հատուկ տեսակ կամ ռասսա՞ է աշխատում…
Այնուամենայնիվ, ընդունենք, որ մաքսային ծառայության նույնիսկ համապատասխան աշխատակիցները չեն կարող և չպետք է նեղ մասնագիտական գիտելիքներ ունենան բացառապես բոլոր ոլորտներում և բոլոր ապրանքների մասով: Բայց այդ ո՞վ է ասում, թե նրանցից պահանջվում են այդպիսի գիտելիքներ: Հիշյալ ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցներն իրականում ունե՞ն այդպիսի գիտելիքներ: Գրեթե չունենք որևէ կասկած, որ նրանք էլ չունեն, քանզի աշխարհում ոլորտներն այնքան շատ են, ամենատարբեր ապրանքների տեսականին այնքան մեծաքանակ է, որ դրանց բոլորի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ ունենալն անհնար է, նշված ՊՈԱԿ-ի աշխատակիցները եթե ժամանակին հրաշամանուկ (վունդերկինդ) լինեին, իսկ ներկայումս' տաղանդներ, միևնույն է, էլի չեն կարող այդպիսի գիտելիքներ ունենալ: Ժամանակակից աշխարհում համապատասխան տեղեկություններ ձեռք բերելու անհրաժեշտություն, ցանկություն ունեցողն օգտվում է համակարգչից ու համացանցից, ինչպես տվյալ դեպքում, կարծում ենք, վարվել է հիշյալ ՊՈԱԿ-ի փորձագետը, թերևս առաջնորդվելով նաև համապատասխան մեթոդաբանությամբ, ինչով կարող է առաջնորդվել նաև մաքսային ծառայության համապատասխան աշխատակիցը, ՊՈԱԿ-ի փորձագետի նման օգտագործելով նաև համակարգչի ու համացանցի ընձեռած հնարավորությունները: Այնպես որ, ՀՀ մաքսային օրենսգրքից 102-րդ հոդվածի 1-ին մասն արդեն վաղուց պետք է հանված, ռադ արված լիներ: Ի դեպ, այս նախադասությունը գրելուց հետո հենց ՊԵԿ-ի կայքում (և ոչ միայն…) ընթերցեցինք ՀՀ մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասը և, ընդհանրապես, ամբողջ 102-րդ հոդվածը, սակայն չգտանք ՊԵԿ-ի վկայակոչած դրույթը' «…մաքսային հսկողության իրականացման հարցում օժանդակության տրամադրման նպատակով մաքսային մարմիններն իրավունք ունեն մասնագետներ և փորձագետներ ներգրավել պետական այլ մարմիններից»: Հասկացանք, որ ոչ միայն օրենսգրքի անվանումն են սխալ գրել, այլև հոդվածներն են խառնել իրար, եթե այսպես են աշխատում նաև ներկրողների հետ, ապա վայն իսկապես եկել տարել է մեր տնտեսությանը, ձեռնարկատերերի մի մասին (հովանավոր չունեցողներին), ինչը երևի արդեն բոլորս էլ տեսնում ենք:
«Կարևոր է նաև այն հանգամանքը, որ փորձագետին ներգրավելու վերաբերյալ որոշումը կայացվել է հատկապես «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրեն Աշոտ Մնացականյանի՝ 04.03.16թ. թիվ Մ-3011 դիմումի հիման վրա և այդ դիմումի ընթացքն ապահովելու համար»,- իր պարզաբանման մեջ նշել է ՊԵԿ-ը: Իսկ ի՞նչ է' Ա. Մնացականյանն ինքնակա՞մ է կայացրել այդ որոշումը, թե հարկադրված… Հիշյալ ՊՈԱԿ-ին վճարելու համար ավելորդ, կորցնելու ենթակա 27 000 դրա՞մ ուներ… Իրականությունն այն է, որ ստացած ապրանքի մաքսազերծմանն ի վերջո հասնելու և պատվիրատուի առաջ իր ստանձնած պարտավորությունը կատարելու համար «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրենը այդ նպատակով հարկադրված է դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն, ընդ որում, դիմել է հիշյալ ապրանքի շուկայական արժեքի այդ կերպ գնահատումը պարտադիր համարած մաքսային միջնորդի ուղղորդմամբ: Ա՛յն միջնորդի, որի վերաբերյալ ՊԵԿ-ի, ՀՀ կառավարության մշակած ՀՀ մաքսային օրենսգրքում նույնիսկ հատուկ գլուխ կա (Գլուխ 10) մաքսային միջնորդական (բրոքերային) գործունեության վերաբերյալ, իսկ օրենսգրքի 68-րդ հոդվածով էլ («Մաքսային միջնորդը /բրոքերը/») սահմանվել է, որ «Մաքսային միջնորդը (բրոքերը) մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության անձն է…»:
Հիմա ևս մեկ հարց ՊԵԿ-ին' եթե Ա. Մնացականյանն անտեսեր մաքսային միջնորդի առաջադրած պայմանը, ապրանքի շուկայական արժեքի գնահատման նպատակով չդիմեր ՀՀ ֆինանսների նախարարություն, ֆինանսների նախարարությունը ՀՀ մաքսային օրենսգրքի «102-րդ հոդվածի 1-ին մասի» վերոնշյալ դրույթը պատճառաբանելով, «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրենից չէ՞ր պահանջելու ապրանքի շուկայական արժեքի գնահատման նպատակով դիմել հիշյալ ՊՈԱԿ-ին…
Քանի որ մեր այս հրապարակման ծավալն արդեն իսկ ստացվել է չափից ավելի մեծ և ընթերցողներին հոգնեցնող, ՊԵԿ-ի «պարզաբանման» վերջին երեք պարբերությանը կանդրադառնանք առանձին հոդվածով:
Արթուր Հովհաննիսյան