ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ուկրաինական Сегодня պարբերականին տված հարցազրույցում անդրադառնալով Մաքսային միությանը, նշել է, որ ՄՄ-ն Հայաստանի տնտեսության համար հնարավորությունների նոր պատուհան է:
Հետխորհդային տարածքի պետություների փոխհարաբերություններում հսկայական պոտենցիալ է սառեցված, և հայ գործարարները շահագրգռված են, որ ՄՄ շուկան մեզ համար առավելապես հասանելի լինի: ՄՄ անդամ երկրների հետ ինտեգրման ավելի բարձր մակարդակը, այդ թվում` առևտրի համար տեխնիկական պատնեշների լուծարումը, կնպաստի Հայաստանի տնտեսության աճին. կարծում է կառավարության ղեկավարը:
Միաժամանակ, Սարգսյանը նշել է որոշակի ռիսկերի առկայության գործոնը, մասնավորապես` այն հանգամանքը, որ ՄՄ-ում սակագներն ավելի քան 2 անգամ բարձր են, քան 3-րդ երկրների հետ Հայաստանի մաքսային հարկերը: Մենք որոշակի դժվարությունների հետ կբախվենք, սակայն ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ Հայաստանը կշահի ՄՄ-ին և միասնական տնտեսական տարածքին անդամակցելուց:
Նրա խոսքերով` Երևանը որոշում կայացնելուց առաջ հավասարակշռել է բոլոր թեր և դեմ կողմերը, քանի որ ՄՄ-ի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը լրջագույն ուսումնասիրություններ է պահանջում: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեր հիմնական առևտրական գործընկերն է, իսկ Հայաստանում արտադրվող մթերքն արտահանվում է հիմնականում ռուսաստանյան շուկա: Եվ ակնհայտ է, որ եվրասիական տարածքում իզոլացումը կհանգեցնի մրցունակության անկման, ավելին` կարող է պատճառ հանդիսանալ մեր համագործակցության որոշակի ոլորտների սահմանափակումներին, ինչը կխանգարի ՀԱՊԿ-ի գործընկերական և ռազմավարական հարաբերություններին, հայտարարել է վարչապետ Սարրգսյանը:
Նա նաև նշել է, որ պետք չէ կապել Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի տնտեսական ինտեգրացման հարցում կատարած ընտրության հետ` նշելով, որ Ղարաբաղը Երևանի համար ֆունդամենտալ նշանակություն ունի: