ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականի հունվարին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող՝ ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Ներկայացված ցուցանիշներից հետևում է, որ այս տարվա հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա տվյալը: Ընդ որում՝ 2023-ի դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 45.1 տոկոսով:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ի հունվարին 21 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից՝ կազմելով 206 մլրդ 254.3 մլն դրամ: 2023 թվականի դեկտեմբերի համեմատ այն նվազել է 43.1 տոկոսով:
Շինարարության ծավալն այս տարվա հունվարին 9.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը, սակայն 2023-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 86.1 տոկոսով: Այս տարվա հունվարին շինարարության ծավալը կազմել է 17 մլրդ 581.3 մլն դրամ:
Ներքին առևտրի շրջանառությունը 2024-ի հունվարին 19.3 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից՝ կազմելով 340 մլրդ 782.5 մլն դրամ: 2023-ի դեկտեմբերի համեմատ այս ցուցանիշը նվազել է 51.7 տոկոսով:
2024-ի հունվարին մատուցված ծառայությունների ծավալը (առանց առևտրի) 4.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը՝ կազմելով 236 մլրդ 954.1 մլն դրամ: 2023-ի դեկտեմբերի համեմատ ցուցանիշը նվազել է 17.2 տոկոսով:
Այս տարվա հունվարին սպառողական գների ինդեքսը 0.9 տոկոսով ցածր է եղել 2023-ի հունվարի ցուցանիշից, սակայն 1.2 տոկոսով ավելի բարձր, քան նախորդ տարվա դեկտեմբերին:
2023-ին արդյունաբերական արտադրանքի գները 2024 թվականի հունվարին 0.3 տոկոսով ցածր էին նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից, սակայն 2023-ի դեկտեմբերի համեմատ աճել են 2.8 տոկոսով:
Ընթացիկ տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 815.7 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 6.4 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ամսի արտադրածից: 2023-ի դեկտեմբերի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2 տոկոսով:
2024-ի առաջին ամսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի և միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում: