Մաքսային միությանն անդամակցությունից հետո Իրանի հետ Հայաստանի առևտրային պայմանների վատթարացում չի սպասվում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

 

Լրագրողի հարցին, թե Մաքսային միության և Հայաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից երրորդ երկիր համարվող Իրանի հետ սպասվում է արդյոք առևտրաշրջանառության պարզեցում, նախարարը նշեց. «Մենք կարծում ենք, որ Իրանի հետ չենք ունենալու առևտրի պայմանների որևէ վատթարացում: Կարծում եմ' հակառակը' հիմնական խնդիրն այն է լինելու, որ մենք' նկատի ունեմ նաև ՄՄ-ն, ավելի լավացնենք մեր պայմանները»,- ասաց Վահրամ Ավանեսյանը:

 

Նա նաև տեղեկացրեց, որ Եվրոպական միության Մաքսային միության անդամ հանդիսացող Շվեյցարիայի, Նորվեգիայի ու մի քանի այլ երկրների հետ Մաքսային միությունն ազատ առևտրի գոտի ստեղծելու բանակցություններ է վարում: «Մենք, Մաքսային միություն մտնելով, երրորդ երկրների հետ կունենանք ավելի լավ պայմաններ. նույնը վերաբերում է Վիետնամին և մի շարք այլ երկրների»,- ասաց Վահրամ Ավանեսյանը' հավելելով, որ դա հնարավոր է նաև Իրանի դեպքում:

 

«Մաքսային միության տեսանկյունից Իրանի նկատմամբ քաղաքականությունն այնպիսին է, որ առևտրի պայմանները չվատանան»,- նշեց Վահրամ Ավանեսյանը:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը միանալու Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նաեւ Հայաստանի' Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված ճանապարհային քարտեզը, որի իրականացման միջոցառումների ծրագիրը հունվարին հաստատել է ՀՀ կառավարությունը: