Մաքսային միությանն անդամակցելիս հնարավոր ինֆլացիոն ճնշումը չի անցնի 1.5 տոկոսը: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը' պարզաբանելով լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկությունը, ըստ որի «Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է աննախադեպ գնաճի»:
Ըստ նրա' ԶԼՄ-ների կողմից ներկայացված այդ գնահատականը որևէ ձևով իրականությանը չի համապատասխանում: «Մենք ունենք ապրանքախմբեր, որոնց հարցով դիմելու ենք Մաքսային միությանը, որպեսզի մեզ բացառություն արվի: Բացառությունների ցանկը կավարտենք և կուղարկենք Մաքսային միություն, որպեսզի սկսենք բանակցությունները»,-ընդգծել է Վ.Ավանեսյանը: