Հայաստանը Մաքսային միությանն անդամակցության համար նախատեսված 262 միջոցառումից պետք է իրականացներ 126-ը, իրականացվել է 100 միջոցառում, եւս 20 միջոցառում բանակցությունների փուլում է: Մնացյալ միջոցառումները պետք է իրականացվեն պայմանագիրը ստորագրելուց եւ Մաքսային միությանը միանալուց հետո: Հայաստանի Հանրապետական կուսակցության «Հայաստան. Մաքսային Միություն. հնարավ որություններ և մարտահրավերներ» խորագրով երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը նշեց, որ բանակցություններն ավարտելուց հետո Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել անդամակցության պայմանագիրը: Այս առումով, ըստ Մինասյանի, խիստ ոգեւորված են հատկապես հայ գործարարները: Գործարար ոլորտի անդամների հետ խորհրդակցությունների ժամանակ փոխնախարարը պարզել է, որ բիզնեսմեններն անհամբեր են: Մաքսային միությանն անդամակցությունը ոչ միայն կնվազեցնի տեխնիկական կանոնակարգման հետ կապված ծախսերը , այլև կհեշտանան արտահանումն ու ներմուծումը Մաքսային միություն, ինչը բիզնեսի ընդլայնման տեսանկյունից նոր եւ լայն հնարավորություններ կբացի:
Հայաստանի Հանրապետական կուսակցության «Հայաստան. Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով երկրորդ տնտեսական համաժողովը մեկ հարկի տակ է մեկտեղել տնտեսական փորձագետների, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների, հյուրերի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիալ մարմնից: Համաժողովին զեկույցներ են ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
ՀՀԿ առաջին տնտեսական կոնֆերանսը կայացել է 2011 թ. հոկտեմբերի 30-ին: Կոնֆերանսի արդյունքներով բանաձեւ էր ընդունվել, որով կոնֆերանսի պատվիրակները դրական են գնահատում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները: