Մաքսային միությանն անդամակցության դեպքում Հայաստանում արտառոց գնաճ չի սպասվում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ Նախագահը բացառել է աննախադեպ գնաճը՝ ՄՄ անդամակցության դեպքում, իսկ ինքը հայտարարել էր գնաճի մասին: «Ես չեմ ասել, որ Մաքսային միությանն անդամակցության շրջանակներում որոշ ապրանքների գնաճ է սպասվում, ես ասել եմ, որ գնաճ լինելու է հինգ տոկոսի չափով, ինչը հիմա էլ կա Հայաստանում: Իսկ Նախագահն ասել է, որ բացառվում է արտառոց գնաճը»,-նշեց Ավանեսյանը:

 

Նախարարի խոսքով' չկա այնպիսի տեղեկատվություն, թե որևէ ապրանք արդեն թանկացել է, իսկ ներկայում ընթանում են ակտիվ քննարկումներ' բոլոր գործարարների մասնակցությամբ, և ՄՄ ճանապարհային քարտեզի շրջանակներում ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ ցուցակը կներկայացվի մեկ-երկու ամիս հետո:

 

Վահրամ Ավանեսյանի դիտարկմամբ' կուտակային կենսաթոշակների ռեֆորմի վերաբերյալ հասարակության դժգոհությունը նորմալ երևույթ է, քանի որ այն առաջարկում է այսօրվա սպառման փոխարեն սպառում ապագայում: