Մաքսային միությանն ինտեգրման դեպքում Հայաստանում միջնաժամկետ կտրվածքով ՀՆԱ-ն կաճի 4 տոկոսով: Ծաղկաձորում անցկացվող Եվրասիական երիտասարդական 2-րդ համաժողովում հուլիսի 12-ին նման կարծիք է հայտնել «Ինտեգրացիա և զարգացում» վերլուծական-հետազոտական կենտրոնի ղեկավար Արամ Սաֆարյանը: Խոսելով Հայաստանի եվրասիական ինտեգրման մասին' Սաֆարյանը նշեց, որ 2013թ. մասնագիտական խմբի միջոցով 5 ամիս շարունակ ուսումնասիրել են, թե եվրասիական գործընթացներին միանալու դեպքում Հայաստանը ինչ հնարավոր տնտեսական արդյունքներ կարող է ունենալ: Նա ընդգծեց, որ ՀՀ բնակչությունն ավանդաբար ռուսամետ է: Բնակչության մոտ 74 տոկոսը վստահում է ՌԴ արտաքին քաղաքականությանը ու հավատում Ռուսաստանին։
Նա բերեց նաև որոշ թվեր, որոնք խոսում են Հայաստանի և եվրասիական տարածաշրջանի երկրների ուղղակի կապի մասին. «Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները 2013թ. կազմել են 1 միլիարդ 800 միլիոն դոլար: ՀՀ եկող բոլոր դրամական փոխանցումների մոտ 85 տոկոսը Ռուսաստանից է: Ղազախստանից, որտեղ ընդամենը 45 հազար հայ է ապրում, ավելի շատ դրամական փոխանցումներ են կատարվում Հայաստան, քան ԱՄՆ-ից, որտեղ ավելի քան 1 միլիոն հայ է բնակվում: Սրանք փաստեր են, որոնք պետք է իմանալ և դրանց վրա հիմնվել, երբ խոսում ենք տնտեսական քաղաքականության մասին»:
Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը, որ տեղի է ունենում հունիսի 10-15-ը, կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը: Մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի մոտ 150 ներկայացուցիչներ: Այսօր երեկոյան համաժողովի մասնակիցներն ուժերը կչափեն ինտելեկտուալ խաղում: