Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել Մաքսային միությունում չճանաչված պետական կազմավորումներին հատուկ կարգավիճակ տալը: Այդ մասին նա հայտարարել է ԱՊՀ երկրների ԶԼՄ-ներին: Նա համաձայն է այն տեսակետին, որ այդ կազմավորումների տնտեսությունները (Ղարաբաղ, Պրիդնեստրովիե, Աբխազիա, Հարավային Օսիա) լիովին ինտեգրված են Մաքսային միության անդամ երկրների եւ այն երկրների տնտեսություններին, որոնք պատրաստվում են անդամակցել ՄՄ-ին:

 


Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում ռուսաստանցի լրագրողներին ասել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից կշահեն եւ Հայաստանը, եւ Ռուսաստանը: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա, նրա խոսքով, Ղարաբաղը չի կարող մտնել Մաքսային միություն, նկատի առնելով նրա չճանաչվածությունը: «Եթե մեզ հրավիրեն, դա այլ հարց է: Մենք քննարկումներ, խորհրդակցություններ կանենք եւ կորոշենք՝ անդամակցել, թե ոչ», ասել է նա:

 


Այսպիսով, Բելառուսը համաձայն է Ղարաբաղի անդամակցությանը Մաքսային միությանը: Հայաստանը եւ Ռուսաստանը նույնպես թերեւս դեմ չեն նման ընթացքին, եւ մնում է Ղազախստանը: Եթե հաջողվի համոզել Նազարբաեւին, որպեսզի նա համաձայնվի Ղարաբաղի «հատուկ կարգավիճակին», այդ ժամանակ որեւէ խոչընդոտ չի մնա:
Ադրբեջանը նախանձելի զուսպ է այս հեռանկարի հարցում, եւ դա դառնում է կասկածելի: Թեեւ, Մաքսային միությանը Ղարաբաղի անդամությունը «հատուկ կարգավիճակով» ձեռնտու է Ադրբեջանին:

 

 


Վերջին 4 տարիներին Բաքվում ուշադիր հետեւել են Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին: Գործընթացի սկզբում Ադրբեջանն ու Հայաստանը զուգահեռ իրականացնում էին բոլոր ընթացակարգերը եւ համաձայնեցնում Ասոցացման տեքստը: Այդ տեքստը պետք է լիներ ընդհանուր, սակայն ոչ մի կերպ չէր ստացվում համաձայնեցնել պրեամբուլան, որտեղ խոսք կար Ղարաբաղի մասին: Արդյունքում Բաքուն հրաժարվեց համաձայնագրից, իսկ դա նշանակում է, որ կային ձեւակերպումներ, որոնք հակասում էին Ադրբեջանի շահերին:
ԵՄ Ասոցացման համաձայնագրի տեքստը չի հրապարակվել, եւ հայտնի չէ, թե այնտեղ ինչ «հատուկ կարգավիճակ» է առաջարկվում Ղարաբաղին: Փաստ է սակայն, որ Թուրքիան ու Ադրբեջանը թեթեւացած շունչ քաշեցին, երբ Հայաստանը հրաժարվեց Եվրոպայի հետ ասոցիացիայից եւ հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մասին: Այս երկրները նմանապես լոյալ են ՄՄ-ին Ղարաբաղի անդամակցության վերաբերյալ հայտարարությունների հանդեպ:

 


Թուրքիան ու Ադրբեջանը չէին կարող չուրախանալ, որ Հայաստանը կորցրել է իր գործոն լինելը եւ հայտնվել Ռուսաստանի գերիշխանության տակ: Այս երկրները Կրեմլի հետ հայկական շահերի հաշվին պայմանավորվելու դարավոր հաջողված փորձ ունեն (ի ուրախություն հայ շատ փորձագետների ու վերլուծաբանների), եւ Ադրբեջանը բաց չի թողնի Մոսկվայի հետ պայմանավորվելու այս բացառիկ հնարավորությունը:

 


Մաքսային միությանը Ղարաբաղի անդամակցումը չի կարող սահմանափակվել տնտեսական համագործակցությամբ, այստեղ առանցքայինը ռազմական բաղադրիչն է: Մաքսային միության անվտանգությունն ապահովում է ՀԱՊԿ-ը, եւ ակնհայտ է, որ կա մտադրություն Ղարաբաղում ՀԱՊԿ բազա տեղակայելու վերաբերյալ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան չի բացառել նման հնարավորությունը՝ «Եթե Հայաստանը եւ Ադրբեջանը խնդրեն այդ մասին»:
Հարցը միայն այն է, թե որտեղ է կանգնելու այդ զորքը՝ ԼՂՀ ներկայիս սահմանի՞ն, թե այնտեղ, որի վերաբերյալ կպայմանավորվեն Բաքուն եւ Մոսկվան: Հնարավոր է, որ նույնիսկ ի նշան երախտագիտության, երբ ՀԱՊԿ զորքը տեղակայվի Ղարաբաղի պաշտպանության «երրորդ գծում», Ադրբեջանը նույնիսկ անդամակցի Մաքսային միությանը: Այդ մասին արդեն գրում են «տեղեկացված» ռուս փորձագետները:

 


Սակայն, անկախ նրանից՝ կմտնի՞ Ադրբեջանը ՄՄ, թե ոչ, Ռուսաստանը Ղարաբաղում առաջնորդվելու է Ադրբեջանի սահմանադրությամբ եւ տարածքային ամբողջականության սկզբունքով: