ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների չեղարկված հանդիպման մանրամասները: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մարտին Չունգոնգը հայտնել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված: Դրան ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն արձագանքել է, որ չնայած այն փաստին, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ երեք օր շարունակ շփումներ է ունեցել Ժնեւ այցի նախօրեին Դուշանբե քաղաքում անցկացված Միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ, սակայն վերջինս որեւէ կերպ չի ակնարկել հանդիպման չեղարկման մասին, եւ հայկական կողմն այդ մասին իմացել է միայն Ժնեւ ժամանելուց հետո՝ կազմակերպության քարտուղարությունից:
Միեւնույն ժամանակ, Ալեն Սիմոնյանը վերահաստատել է հայկական կողմի՝ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը՝ երկու երկրների խորհրդարանների եւ հասարակությունների խաղաղության նախապատրաստմանն ու դրա ամրապնդմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկմանը, որոնք միտված կլինեն փոխադարձ վստահության ձեւավորմանը: