Իմ առաջին արտասահմանյան այցելությունը եղավ Մոսկվա, որն օրինաչափ է: Այդ մասին մարտի 18-ին մի խումբ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը' պատասխանելով Եվրամիության ասոցաված անդամ դառնալու, նաեւ Եվրասիական միությանը եւ Մաքսային միությանը միանալու հնարավորության մասին հարցին:
«Օրինաչափ է, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է, մեր դաշնակիցը, իսկ դա նշանակում է, որ մենք շաղկապված ենք ինչպես ռազմական անվտանգության, այնպես էլ տնտեսական անվտանգության խնդիրներով: Եվ պատահական չի, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեր առեւտրաշրջանառությունը գերազանցում է ամենամեծն է: Այսինքն, մեր տնտեսությունները շատ սերտորեն փոխկապակցված են: Եվ նոր ընտրությունները ոչ մի բանի ավարտ չեն հայտարարում: Այսինքն, ընտրություններով ոչինչ չի վերջանում: Ընտրություններով նոր-նոր սկսվում է աշխատանքը: Եվ մենք պետք է հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ունենք մեր գործընկերներից»,- նշել է նա:
Ըստ նախագահի, հարցը վերաբերում է եւ գազին, եւ նոր միջոցներին, Նաիրիտին, հարցը բազմաթիվ ենթահարցեր ունի: «Իհարկե, հարցը վերաբերում է նաեւ քաղաքական ինտեգրացմանը, վերաբերում է եւ ՀԱՊԿ-ին, եւ Մաքսային միությանը, վերաբերում է շատ կարեւորագույն խնդրի՝ աբխազական երկաթուղու գործարկմանը: Այսինքն, հայ-ռուսական համագործակցության օրակարգն այնքան հարուստ է, որ մեկ այցելությամբ, նույնիսկ տեւական զրույցով հնարավոր չի քննարկել հարցերի նույնիսկ մի չնչին մասը, նույնիսկ այն հարցերի, որ արժեր քննարկել նախագահական մակարդակով: Այնպես որ՝ բոլոր հարցերն էլ շատ թե քիչ շոշափել ենք, բայց որը՝ խորությամբ, որն էլ՝ մակերեսորեն»,- նշել է նա' կոչ անելով չհավատալ բոլոր այն մարդկանց, «հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միեւնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան»:
«Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռեւս ցանկություն չունեն որեւէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող չէ՞, հենց այնպես խոսել, որովհետեւ ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում եմ իրականության մասին: Այլ խնդիր են ինտեգրացիոն պրոցեսները: Իսկ ինչպե՞ս մենք կարող ենք չշարունակել ինտեգրացիոն գործընթացները: Ինչպե՞ս մենք կարող ենք մեր ռազմական անվտանգության խնդիրները կապել ՀԱՊԿ-ի հետ, կապել Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ տնտեսական կամ քաղաքական մեր հետագա ճակատագիրը կապել մեկ այլ երկրի կամ մեկ այլ միության հետ՝ ի հաշիվ մյուսի: Իհարկե, ոչ: Ես սա ասացի, որպեսզի ընդգծեմ, որ մենք շարունակելու ենք այդ ինտեգրացիոն պրոցեսները նաեւ եվրոպական կառույցների հետ»,- ասել է Սարգսյանը' նկատելով, որ Բրյուսել այցելության նպատակը հենց դա էր. «Գիտեք, ԵԺԿ կուսակցության գագաթնաժողովն էր: Բայց դա կուսակցական ժողով անվանելը մի քիչ հարաբերական է, որովհետեւ այնտեղ նստած էին եվրոպական գրեթե բոլոր երկրների ղեկավարները, որոնց հիմնական մասը ներկայացնում են ԵԺԿ-ն: Եվ ինձ համար չափազանց հաճելի է, որ եւ այնտեղ, եւ ընդհանրապես ԵԺԿ ղեկավարի շնորհավորական ուղերձում Հայաստանը դիտարկվեց որպես մոդել, որպես օրինակ ուրիշների համար: Մենք սեւ-սպիտակի խնդիր չենք լուծում: Կամ-կամի խնդիր չենք լուծում: Մենք ազնիվ ենք մեր մղումներում, իսկ մեր մղումները բխում են մեր ժողովրդի շահերից, ուզում ենք, որպեսզի մեր երկիրը զարգանա եւ այդ պրոցեսում օգտագործի եւ Մաքսային միության, եւ Եվրասիական միության, եւ Եվրամիության կողմից ցուցաբերվող աջակցությունը: Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ: Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք ու հետո գնում մյուսին ասում՝ ոչ ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել: Եվ այդպես էլ լինելու է: Մեր երկրի օրինակներում էլ կան այդպիսիք: Երբ պատասխանատու անձը գնում է մի տեղ եւ իր երկրի Նախագահի արած հայտարարությանը հակառակ հայտարարություն է անում, հետո գալիս, ասում է՝ ուրիշ բան եմ ասել: Չի լինի այդպես ոչ ներքին կյանքում, ոչ արտաքին քաղաքականության մեջ»: