Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը նախապատրաստվում է մայիսի 1-ին կայանալիք ավանդական երթին' նվիրված Աշխատանքի միջազգային օրվան: Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը ապրիլի 19-ին հրավիրված ասուլիսում ընդգծեց, որ մայիսի 1-ը ժողովրդի միասանականության օրն է:

 

«Երթի միջոցով մենք նաև մեր հավատարմությունն ենք հայտնելու Մաքսային միությանը, Խորհդային ժամանակների լավ ու բարի օրերին»,-նշեց Սարգսյանը' ավելացնելով, որ ՀԿԿ-ն ողջունում է իշխանությունների կողմից Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու ուղղությամբ ձեռնարկած քայլերը:

 

Նա կոչ արեց նաև լրավամիջոցների ներկայացուցիչներին միանալ իրենց: Կայանալիք երթը կմեկնակի Մաշտոցի պողոտայից և կավարտվի Ստեփան Շահումյանի անվան հրապարակում:

 

Աշխատավորների տոնը նշվում է աշխարհի ավելի քան 142 երկրներում: Այն սկիզբ է առել 19-րդ դարի վերջին. 1886 թվականի մայիսի 1-ին ամերիկյան բանվորները գործադուլ են կազմակերպել' պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլը և ուղեկցվող ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ արյունահեղ բախումներով: Նույն թվականին ԱՄՆ-ում և Կանդայում ևս բռնկվել են արյունահեղ ցույցեր, որոնց ընթացքում զոհվեցին բազմաթիվ մարդիկ:

 

1889 թվականի հուլիսին Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսն ի հիշատակ Չիկագոյի բանվորների ելույթների' որոշում է կայացնում մայիսի 1-ին ամենամյա երթերի մասին: Առաջին անգամ աշխատավորների համերաշխության միջազգային օրը նշվել է 1890 թվականին' Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և մի քանի այլ երկրներում: