Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը արտաքին քաղաքականության գերակայություններից էր: Փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ համաձայն չէ, թե Հայաստանը Մաքսային միությանը միանալու գործընթացում շտապողականություն է ցուցաբերում:
«Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ միշտ փորձում էր հաշվի առնել համագործակցային եզրերը, երկրորդը' Հայաստանը մշտապես ասում էր, որ ցանկանում է ունենալ բարիդրացիական հարաբերություններ միջազգային տարբեր կառույցների, կազմակերպությունների հետ, ինչը երկրի շահերից է բխում»,- ասել է Մարգարովը: Նրա գնահատմամբ' Մաքսային միությանը միանալու որոշումը պայմանավորված էր արտաքին քաղաքականության մեջ զարգացման ուղիներ գտնելու երկրի ղեկավարության ցանկությամբ:
«Մաքսային միությանը միանալու որոշումը բխում էր արտաքին քաղաքական գերակայություններից, սակայն գուցե որոշումն անակնկալ է եղել որոշ զանգվածների համար»,- ասաց քաղաքագետը: Նա չբացառեց, որ բանակցային գործընթացի արդյունքում առաջիկայում Արևմուտքում կձևավորվի որոշակի միասնական եվրասիական' Լիսաբոնից Վլադիվոստոկ ընկած տարածք:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը միանալու Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նաև Հայաստանի' Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված ճանապարհային քարտեզը, որի իրականացման միջոցառումների ծրագիրը հունվարին հաստատել է ՀՀ կառավարությունը: