Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշումը ամենաշրջադարձային և ճշգրիտ քայլն էր Հայաստանի կողմից: Այս մասին Մանկավարժական համալսարանում տեղի ունեցած դասախոսության ժամանակ հայտարարել է քաղաքագետ, Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը:

 

«Անվիճելի ճշմարտություն է՝ չես կարող անվտանգությունդ ապահով ել մի համակարգում, իսկ տնտեսական բերեկեցությունը՝ մեկ այլ»,- ընդգծել է քաղաքագետը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայկական պետական մանկավարժական համալսարանից, անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետեւանքներին՝ Անդրանիկ Միհրանյանն ասել է, որ այն կնպաստի և՛ ՀՀ տնտեսական աճին , և՛ ներդրումային դաշտի ընդլայնմանը, և՛ նոր աշխատատեղերի ստեղծմանը:

 

«Արտաքին քաղաքականության ձևավորման ժամանակ պետությունների համար պետք է լինեն առաջնահերթություններ. Հայաստանի համար այդ առաջնահերթությունը անվտանգությունն է. մենք չպետք է մոռանանք, որ մի կողմից գտնվում ենք «տաք», մյուս կողմից՝ սառը պատերազմում»,- ասել է Միհրանյանը եւ հավելել, որ եթե կան մեծ պետություններ, որոնք ստանձնում են տվյալ երկրի անվտանգության երաշխավորությունը՝ նշանակում է այդ պետությանը կամ կառույցին այլըտրանք չկա:

 

Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին' Անդրանիկ Միհրանյանը նկատել է, որ Ուկրաինայի նման ունիտար երկիրն ազգայնական ուժի ղեկավարմանն անցնելու պարագայում կկործանվի, ինչի ականատեսն ենք այսօր:

 

Քաղաքագետը կարևորել է Ղրիմի ինքնորոշման հարցում ՀՀ պաշտոնական դիրքորոշումն ու ամենաբարձր մակարդակով հանրաքվեի լեգիտիմության ճանաչումը, և նշել, որ այդ կերպ Հայաստանը ևս մեկ անգամ հաստատեց իր մոտեցումը ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքերից մեկի՝ ազգային ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: