Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրներից մեկը կրթության բնագավառի զարգացումը խթանելն է: Փետրվարի 22-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում «Սիանս Պո Արմենիա» հայ-ֆրանսիական կրթական հաստատության բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Որքան կիրթ և գրագետ լինի հասարակությունը, այնքան երկրի զարգացման տեմպերը կարագանան, և այդ պատճառով է, որ մենք բանակցություններ սկսեցինք ֆրանսիական հայտնի կրթական հաստատության հետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարման ակադեմիայում ներկայացված լինելու համար»,- նշեց Հակոբյանը:

 

Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ Հայաստանում կառավարման համակարգում գլխավոր խնդիրը մասնագետների պակասն է, իսկ հայ-ֆրանսիական նոր կրթօջախի գործունեությունը հնարավորություն կտա լրացնել այդ բացը: «Սա հնարավորություն է տալիս, որպեսզի մեր կառավարման համակարգի մասնագետները մեկնեն Ֆրանսիա, տեղում ծանոթանան համակարգին և իրենց գիտելիքները հետագայում օգտագործեն մեր երկրում կառավարման ոլորտի բարելավման ուղղությամբ»,- նշեց սփյուռքի նախարարը:

 

Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Սփյուռքի նախարարությունը կշարունակի աջակցել նման նախաձեռնություններին և կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև այն ծրագրերին, որոնք հնարավորություն կտան հայերին հայրենիք վերադարձնել:

 

ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Հայաստանում հայ-ֆրանսիական «Սիանս Պո Արմենիա» կրթական հաստատության բացման արարողությանը: «Սիանս Պո Արմենիա» կրթական հաստատությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայողներին, մասնավոր հատվածի աշխատակիցներին, տարբեր բուհերի շրջանավարտներին առաջարկում է հետազոտական ոլորտի լայն և բարենպաստ պայմաններ, համատեղ բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի որակավորմամբ), հետբուհական, կրթական ծրագրեր և լրացուցիչ, շարունակական կրթություն: Հետազոտությունների համատեքստում իրականացվելու են կր թական և հետազոտական ծրագրեր, որոնց նպատակը տարածաշրջանների դերակատարներին ռազմավարական հարցերի վերաբերյալ գիտելիք փոխանցելն է, օրինակ՝ ասպիրանտական հետազոտություն, թեմատիկ ուսումնասիրություն, գիտական ղեկավարման չափորոշիչների ստեղծում և դրանց վերահսկողություն:

 

«Սիանս Պո Արմենիան» իր շրջանավարտներին հնարավորություն կտա աշխատել ի նպաստ իրենց երկրի պետական կառավարման համակարգի, տնտեսության և հասարակության, ինչպես նաև մասնագիտական գիտելիքի, աշխատանքային կարողությունների և հմտությունների ձևավորման միջոցով կնպաստի աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը: