Թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարծում է, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը արտաքին գործերի նախարարի մակարդակով մասնակցության Հայաստանի որոշումը ճիշտ է: Օգոստոսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը Չաքրյանը նշեց, որ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցում են 75 երկրներ, որոնց մի մասը նախագահի, մի մասը՝ վարչապետի, իսկ մյուս մասն էլ՝ արտգործնախարարի մակարդակով, որն ամենացածր մակարդակն է:

 

«Ոմանք ասում են, որ կարելի էր ավելի ցածր մակարդակով մասնակցել՝ փոխարտգործնախարարի կամ վարչության պետի, բայց, առհասարակ, նման միջոցառումների ժամանակ մասնակիցները միմյանց հետ հանդիպելու, ոտքի վրա զրուցելու հնարավորույթուն են ունենում, և եթե Հայաստանն ավելի ցածր մակարդակով մասնակցեր, ապա հայկական պատվիրակությունն այնտեղ կմեկուսանար: Օրինակ՝ Ֆրանսիայի արտգործնախարարը չէր գա Հայաստանի փոխարտգործնախարարի հետ զրուցելու»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց թուրքագետը:

 

Նա ընդգծեց, որ արտգործնախարարի մակարդակով մասնակցությունը ճիշտ է, քանի որ հենց այնպես վերցնել ու ընդհանրապես հրաժարվել մասնակցությունից, կնշանակեր խռովել Էրդողանի հայատյաց արտահայտությունից, իսկ քաղաքականության մեջ, ըստ բանախոսի, առհասարակ չեն խռովում։

 

Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին: Հայաստանը Թուրքիայի կողմից երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր է ստացել և արարողությանը կմասնակցի արտաքին գործերի նախարարի մակարդակով: